Թրամփը նշել է իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու պայմանը
ԱՄՆ-ը Իրանի միջուկային ծրագրին վերաբերող Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործումից դուրս կգա, եթե Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան չհամաձայնեն էական շտկումներ կատարել դրանում: Այդ մասին, ինչպես հայտնել է Axios հրատարակությունը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
Հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի նախագահն այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 5-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը: Թրամփի ասելով՝ Իրանի հետ գործարքի երեք հիշատակված մասնակիցներն այդ թեմայի շուրջ բանավեճերի ընթացքում առայժմ համաձայնել են համաձայնագրի միայն «կոսմետիկ ուղղումներին», մինչդեռ Վաշինգտոնի վարչակազմը ձգտում է հասնել «զգալի փոփոխությունների»:
ԱՄՆ-ի նախագահը համաձայնագրում իր կողմից պահանջվող փոփոխությունների կատարման վերջնաժամկետ է սահմանել 2018 թվականի մայիսի 12-ը: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:
Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:
ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: