Դեբետում անկուսակցական թեկնածուն հաղթել է ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին
Հայաստանի 6 մարզի 14 համայնքում մարտի 11-ին կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները:
Կոտայքի մարզի Հացավան համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` ԲՀԿ-ական Շավարշ Սարգսյանը: Քվեարկությանը մասնակցած 174 ընտրողներից Շավարշ Սարգսյանի օգտին քվեարկել է 169-ը: Երեք ընտրող դեմ է քվեարկել նրա թեկնածությանը, երկու քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Արագածոտնի մարզի Դդմասար համայնքում ևս ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Ռաշիդ Օսեյանը: Քվեարկությանը մասնակցած 41 ընտրողներից 35-ը կողմ են քվեարկել Օսեյանի թեկնածությանը, 3-ը՝ դեմ, երեք քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Արարատի մարզի Եղեգնավան համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` անկուսակցական Հովսեփ Ղազարյանը: Քվեարկությանը մասնակցած 551 ընտրողներից 540-ը քվեարկել է Հովսեփ Ղազարյանի թեկնածության օգտին, 5 ընտրող դեմ է քվեարկել, 6 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Արարատի մարզի Դարբնիկ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Դավիթ Գզիրյանը: Քվեարկությանը մասնակցել է 576 ընտրող, որից 549-ը կողմ է քվեարկել նրա թեկնածությանը: 14 ընտրող դեմ է քվեարկել Դավիթ Գզիրյանի թեկնածությանը, 13 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Արարատի մարզի Զորակ համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Մանուկ Մալոյանը, ով ևս առաջադրված միակ թեկնածուն էր: Քվեարկությանը մասնակցել է 600 ընտրող, որից 561-ը քվեարկել է Մանուկ Մալոյանի օգտին, 31 ընտրող դեմ է քվեարկել, 8 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Արարատի մարզի Խաչփար համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Ղազար Մարտիրոսյանը: Քվեարկությանը մասնակցել է 859 ընտրող, որից 819-ը կողմ է քվեարկել Ղազար Մարտիրոսյանի թեկնածությանը: 28 ընտրող դեմ է քվեարկել, 12 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Արարատի մարզի Հայանիստ համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Բալաբեկ Սարկիսյանը: Քվեարկությանը մասնակցել է 671 ընտրող, որից 635-ը կողմ է քվեարկել առաջադրված միակ թեկնածուի օգտին: 22 ընտրող դեմ է քվեարկել, 14 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Արարատի մարզի Նիզամի համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Հարութին Կարապետյանը: Քվեարկությանը մասնակցել է 334 ընտրող, որից 310-ը կողմ է քվեարկել Հարութին Կարապետյանի օգտին, 11-ը` դեմ, 13 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Արման Թադևոսյանը: Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր երեք թեկնածու` ՀՀԿ-ական Արմեն Գևորգյանը, ՀՀԿ-ական Արման Թադևոսյանը և անկուսակցական Արսեն Ղահրամանյանը: Ընդհանուր առմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 989 ընտրող, որից 382-ը կողմ է քվեարկել Արմեն Գևորգյանի, 391-ը` Արման Թադևոսյանի, 182-ը` Արսեն Ղահրամանյանի օգտին:
Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանը: Քվեարկությանը մասնակցել է 794 ընտրող, որից 543-ը կողմ է քվեարկել Ռազմիկ Ալավերդյանի թեկնածությանը, 200-ը` դեմ, 51 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Արսեն Եղյանը: Քվեարկությանը մասնակցել է 461 ընտրող, որից 402-ը կողմ է քվեարկել Արմեն Եղյանի թեկնածությանը, 40-ը` դեմ, 19 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Էդվարդ Միրզոյանը, ով առաջադրված միակ թեկնածուն էր: Քվեարկությանը մասնակցած 321 ընտրողից 315-ը կողմ է քվեարկել Էդվարդ Միրզոյանի թեկնածությանը, 1-ը` դեմ, 5 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Լոռու մարզի Լեռնավան համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Վաչագան Վարդանյանը: Քվեարկությանը մասնակցել է 502 ընտրող, որից 481-ը կողմ է քվեարկել Վաչագան Վարդանյանի թեկնածությանը, 18-ը դեմ, 3 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Ամենամրցակցայինը եղել են Լոռու մարզի Դեբետ համայնքի ղեկավարի ընտրությունները: Դեբետ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր 4 թեկնածու` անկուսակցական Աշոտ Ղազարյանը, ԲՀԿ-ական Յուրիկ Նազլուխանյանը, ՀՀԿ-ական ինքնաառաջադրված Կամո Պետրոսյանը և ՀՅԴ-ական Արայիկ Սարգսյանը: Քվեարկությանը մասնակցել է 655 ընտրող, որից 153-ը կողմ է քվեարկել անկուսակցական Աշոտ Ղազարյանի, 86-ը` ԲՀԿ-ական Յուրիկ Նազլուխանյանի, 134-ը` ՀՀԿ-ական Կամո Պետրոսյանի և 107-ը ՀՅԴ-ն ներկայացնող Արայիկ Սարգսյանի օգտին: Դեբետ համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Աշոտ Ղազարյանը: