Բաժիններ՝

Եղիշե Չարենցի գործը՝ Մեծ տեռորի տարիներին

Եղիշե Չարենցի կյանքին ու գործունեությանը նվիրված կոնֆերանս-քննարկման ընթացքում, բանաստեղծի տուն-թանգարանում պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը ներկայացրեց «Մեծ տեռորի սկզբի մթնոլորտը Խորհրդային Հայաստանում և Եղիշե Չարենցի գործը» թեմայով ընդարձակ զեկույց-քննարկում, որին, ի թիվս հրավիրյալ հյուրերի, մտավորականների ու գրականագետների, ներկա էր նաև 168.am-ը:

«Այն ամենը, ինչից պետք է խոսեմ Չարենցի մասին է և այն իրավիճակի, որը քննարկելով՝ քիչ թե շատ կարող ենք հասկանալ Չարենցի ապրած վերջին տարիները, ինչպես նաև պատկերացում կազմենք Հայաստանի՝ այդ ծանրագույն իրավիճակում հայտնված օրինավոր մարդկանց կյանքի, արարելու ընթացքի ու նրանց ճակատագրերի մասին,- զեկույց-քննարկման մեկնարկին ներկայացնում է բանախոս Հրանուշ Խառատյանն ու շարունակում, – երբ խոսք է գնում խորհրդային տարիների բռնաճնշումների մասին, ամենատարբեր մակարդակների և իրավիճակների հետ կապված, առաջին հերթին, սովորաբար, հնչում է հենց Չարենցի անունը:

Մենք բոլորս մի տեսակ լուռ կոնսենսուսով համաձայնում ենք, որովհետև դրանք մի ժամանակներ էր, որոնք ինքնին ազդում էին գործողությունների ընթացքի վրա, և այլ կերպ հնարավոր էլ չէր: Վերջերս, ես ինքս գնալով ավելի ու ավելի եմ սկսում քննարկել ու փորձ անում հասկանալ այս ժամանակները, ի՞նչ էին, ի վերջո, նշանակում այդ տարիները, օդի՞ց ընկան դրանք մեր վրա, անխուսափելի՞ էին, թե՞ կյանքի զարգացումներն էին, որ անխուսափելիորեն նման ժամանակներ պետք է բերեին, բայց չէ՞ որ ժամանակները նույնպես մարդիկ են ստեղծում:

Այսօր ես ուզում եմ ուղղակի ասել՝ այն, ինչ այստեղ մեծ տեռոր են կոչում, այդ ժամանակների համար և՛ տարածաշրջանում, և՛ հարակից երկրներում բավական ծանր դրսևորումներով, դաժան երևույթ էր: Դա մեր հարևան Քեմալական Թուրքիայում Դերսիմի՝ ալևիների և հայերի կոտորածներն էին, ահռելի թվով և քանականությամբ բնակչության աքսորների ժամանակը, այն արիները, երբ ֆաշիստական Գերմանիայում կազմվում էին և արդեն իսկ կային համակենտրոնացման ճամբարներ: Թվարկածս բոլոր երեք երկրներում՝ ԽՍՀՄ-ում Թուրքիայում և Գերմանիայում, գլխապտույտ արագությամբ համակենտրոնացման ճամբարներ էին ձևավորվում, մի մասը՝ աշխատանքային, մի մասը՝ այլ, և հիմնականում՝ պատժիչ նպատակներով: Առհասարակ այս երկրներում պատժիչ մարմինների ֆունկցիաներն աստիճանաբար և նկատելի աճի միտում էին գրանցում, որի արդյունքում՝ մարդկային բազում կյանքերի տարերային ճակատագրեր էին գրվում՝ ամեն մեկն ինքն իրենով ողբերգական պատմությամբ հյուսված: Ասել, թե սա ունիվերսալ երևույթ էր և կամ ժամանակի հրամայականը, իմ կարծիքով՝ քիչ կլիներ: Այստեղ է, որ մենք շատ լուրջ խորհելու թեմաներ ունենք:

Կարդացեք նաև

Վերադառնանք կոնկրետ երկրին և մարդկանց՝ Հայաստանի ընդհանուր քաղաքական բռնությունների բարձրացման ընթացքին և, մասնավորապես, 1936-37 թթ., երբ թվարկածս երևույթների համատեքստում, կարծես թե Խորհրդային Միության սահմաններից ներս բռնություններն իրենց բարձրակետին հասան, կուզենայի տեսնել ու հասկանալ, թե ինչպես այն ձևավորվեց: Մեծ հաշվով մեզանում, որպես քաղաքական պատմության ընթացք և մարդկային ճակատագրերի հետ դեր ունեցող կապեր, այս տարիների ու երևույթների վերաբերյալ էական վերլուծություններ չեն արվել:

Մի քանի խոսքով ուզում եմ անդրադառնալ ու նաև հիշեցնել, որ մինչև 1936 թվականի դեկտեմբեր ամիսը Խորհրդային Հայաստան կոչվածը միայն Անդրֆեդերացիայի մի մաս էր, այսինքն՝ ԽՍՀՄ-ում առանձին հանրապետություն էլ չէր: Մենք երեքով միասին՝ Հայաստանը, Վրաստանն և Ադրբեջանը, մի ընդհանուր հանրապետություն էինք՝ ԽՍՀՄ-ի կազմում: Մինչև 1936 թվականի Խորհրդային Հայաստանի պատմության հետ կապված, այդ թվում՝ նաև քաղաքական բռնությունների ֆոնին, այս գործոնն առհասարակ շատ քիչ է դիտարկվում:

Բոլորս լսել ենք Լավրենտի Բերիայի անունը և գիտենք, որ նա շատ լուրջ դերակատարություն է ունեցել այս տարիներին բնորոշ քաղաքական գործընթացներում, բայց եկենք մանրամասն քննենք, թե հատկապես ո՞րն էր նրա դերակատությունը, և ո՞վ էր այդ Բերիան վերջապես: Տարիների ընթացքում և հատկապես վերջին ժամանակներում այս անձի հետ կապված շատ շերտեր բացվել են, բայց, ցավոք, ոչ նրա դերակատարության հետ կապված, և հատկապես՝ Հայաստանի հետ:

Մասնավորապես նշեմ, երբ 1953 թվականին Բերիային որպես ժողովրդի թշնամի դատում էին, ապա այդ դատավարության նյութերը հրապարակված են, և այստեղ Բերիայի կյանքի հետ կապված բացառապես ամեն ինչի մասին խոսք գնում է, բացի Անդրֆեդերացիայի կազմում ղեկավարած երկրների և նրանցում կատարված զարգացումների թեմային, այդ թվում՝ նաև և մասնավորապես՝ Աղասի Խանջյանի սպանությանը: Որոշակի տեղեկությունների համաձայն և իմ վարկածով նույնպես, Խանջյանին ինքը՝ Բերիան, անձամբ է սպանել, կամ գոնե նրա ստեղծած մթնոլորտն է Խանջյանին մղել ինքնասպանության:

Դատավարության ընթացքում այդ մասին խոսք անգամ չկա: Թեև գոյություն ունեն բազմաթիվ այլ փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, թե Բերիան ինչ դերակատարություն է ունեցել Հայաստանում ծավալվող իրադարձությունների, այդ թվում նաև՝ Չարենցի հետ կապված ողբերգության հետ: Բացի Չարենցի թոռնուհու վկայությունն այն մասին, որ Չարենցը Բերիայի հետ հանդիպումից հետո եղել է, մեղմ ասած, խիստ նյարդային վիճակում, կա նաև Բերիայի կողմից Հայաստանում նշանակված պաշտոնյա Ծատուրովի վկայությունը, ով, ի մասնավորի, Հայաստան էր ուղարկվել հենց Չարենցին (և անշուշտ, ոչ միայն նրան) մեջտեղից վերացնելու նպատակով:

Ես կուզենայի մի քանի խոսքով անդրադառնալ հենց այս իրավիճակին: Ընդհանուր առմամբ 1935-36 թթ. արդեն իսկ ստեղծվել էր մի այնպիսի իրավիճակ, երբ Անդրկովկասում կարևոր դերակատար՝ նախկին չեկիստ Բերիային հաջողվել էր բռի մեջ հավաքել տեղի հիմնական քաղաքական և գրեթե բոլոր վարչական լծակները: Բերիան և Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը միասին էին սկսել իրենց գործունեությունը:

Ըստ երևույթին և ամենայն հավանականությամբ, շատ նյութեր կան մուսաֆաթական կուսակցության հետ նրանց համագործակցության դաշտի մասին: Երկուսը միասին միմյանց օգնում էին չեկիստական, իսկ այնուհետև նաև կոմկուսի կուսակցական իրենց կարիերան հաջողելու համար: Հայաստանում Բերիային բավական երկար ժամանակ է անհրաժեշտ եղել՝ իրավիճակն իր ձեռքում վերցնելու համար: Նրա հիմնական աշխատանքային մեթոդը եղել է նախկիններին իր մարդկանցով և հատկապես վարկաբեկելու ճանապարհով փոխելը, այսպիսով իր ցանկալի մարդկանց համար նախապատրաստելով համապատասխան պաշտոններ, որտեղ, որպես կանոն, հայտնվում էին հիմնականում իր նվիրյալները, որոնց միջոցով էլ հետագայում նա կարողացավ տիրապետել քաղաքական ողջ դաշտին:

1934 թվականից հետո Հայաստանում Բերիայի կողմից նշանակված չորս անձինք կային: Դրանից մեկը՝ հետագայում Կենտկոմի առաջին քարտուղար դարձած Սիմոն Վարդապետյան Ամատունին էր, մյուսն՝ արդեն հիշատակված Ծատուրովը, որ միակ կենդանի մնացածն էր այդ չորսից և ով հետագայում նաև Բերիայի դատավարության ընթացքում իր տված ցուցմունքներում շատ բան պատմեց այդ անմարդկային իրականության մասին: Բերիայի երրորդ հավատարիմ դեմքը Կենտկոմի երկրորդ քարտուղար Ակոպովն էր, ինչպես նաև՝ Խաչիկ Մուղդուսին, այս մեկն արդեն ներսից՝ հենց Հայաստանից: Այսինքն, Բերիան անում էր ամեն հնարավոր բան՝ հայաստանյան ողջ իրավիճակի տիրապետողն ու թելադրողը դառնալու համար:

Պետք է ասեմ, որ այս ամենի մեջ մենք մի շատ կարևոր կերպարի համարյա միշտ աչքաթող ենք անում: Դա մինչև 1935 թվականը Հայաստանի, այսօրվա տերմինով ասած, վարչապետ, իսկ այն ժամանակների համար՝ Կոմիսարների ժողովրդական խորհրդի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանն է:

Չարենցի գործում Սահակ Տեր-Գաբրիելյանի անունը հաճախ կարելի է հանդիպել: Հետագայում Չարենցը (և ոչ միայն Չարենցը) չափազանց ծանր պետք է տաներ Սահակ Տեր-Գաբրելյանի Հայաստանից հեռանալը: Սահակ Տեր-Գաբրիելյանը բոլշևիկյան ողջ դարբնոցն անցած և թրծված բոլշևիկ էր: Ես հիմա չեմ ուզում խոսել նրա համոզմունքների մասին՝ բոլշևիկյան, կոմունիստական և այլն: Խնդիրը նրանում էր, որ բուն իշխանության ներսում այդ համոզմունքները երրորդական դերում էին: Ամեն ինչ կառուցվում էր մարդկային հարաբերությունների վրա՝ թե ո՞վ, ո՞ւմ և ինչպե՞ս կարող էր ազդել և ճնշել, կամ հակառակը՝ համագործակցել: Սահակ Տեր-Գաբրիելյանը շատ լավ տիրապետում էր այս ողջ խոհանոցին, ինչպես նաև մարդկանց՝ սկսած մինչև Ստալինից, որի հետ ծանոթ էր դեռևս իրենց համատեղ բոլշևիկյան անցյալից: Դեռևս հեռավոր 1917 թվականից նա Բաքվի այն կոմիսարներից էր, որոնց մի մասին, ինչպես գիտենք, սպանեցին փախուստից հետո: Ինքը խորհրդայնացած Ռուսաստանի նավթի միակ մատակարարն էր՝ Բաքվից:

Կարճ ասած, այս մարդը հիանալի գիտեր, թե ով ումով և ինչ է շնչում, և այդ իմացությունը, փորձառությունն ու ծանոթությունների լայն շրջանակը նրան բավական մեծ հնարավորություններ էին տալիս պաշտպանելու ինքն իրեն և իր մտերիմ շրջապատին, այդ թվում նաև՝ Չարենցին, այն գիշատիչ մթնոլորտից, որ այդ տարիներին ստեղծվել էին Անդրֆեդերացիում:

Չարենցի հիմնական և իրական զինակից ու բարեկան Ներսիկ Ստեփանյանի տնային փաստաթղթերի գործերում հայտնաբերում եմ մի գրություն, որի յուրաքանչյուր երկրորդ տողը տեղեկացնում է հետևյալը. «Անդրֆեդերացիայի բյուջեի բաշխումը՝ Վրաստանի մի մանկապարտեզի համար հատկացված գումարը հավասար է Հայաստանի բոլոր մանկապարտեզներին հատկացրած գումարին»:

1936 թվականին, երբ Անդրֆեդերացիան արդեն լուծարվում էր, դրանում առկա հիմնական գործող գիտահետազոտական ինստիտուտները, գործարանները, համալսարանները տրվում էին հիմնականում հենց Վրաստանին: Այսինքն, Անդրֆեդերացիայի ողջ համատեղ սեփականությունը բյուրոյի մեկ նիստի և մեկ արձանագրությամբ հանձնվում էին Վրաստանին: Ես դեռ միայն մեկ նիստի մասին եմ խոսում, իսկ այդպիսի բազմաթիվ նիստեր էին լինում: Պարզ էր, որ այսպիսի իրավիճակն այստեղ՝ Հայաստանում, շատ մեծ լարվածություն էր առաջացնում:

Այստեղ մարդիկ ուղղակի խեղդվում էին այդ իրավիճակից, չկարողանալով ո՛չ ասելիքը տեղ հասցնել, ո՛չ հարաբերություններ կարգավորել, և այս ամենն իր ողջ դրսևորումներով տարածվում էր, այդ թվում, նաև ժամանակի առաջատարներից մեկի՝ Չարենցի վրա: Դրա անմիջական զոհը դարձավ Աղասի Խանջյանը, որի մահը՝ սպանությունը, կամ, ինչպես ասում են՝ ինքնասպանությունը, պայմանավորված էր մասնավորապես հենց այս ստեղծված իրավիճակի հետ:

Ինչ վերաբերում է Սահակ Տեր-Գաբրիելյանի հետագա ճակատագրին, ապա 1935 թվականին նրան ուղղակի արտամղում են իշխանության շարքերից: Ինչպես ինքն է պատմում իր հուշերում և նաև այլ աղբուրների համաձայն՝ ինքը պարզապես չկարողացավ դիմանալ այն ինտրիգներին, որ Բերիան ստեղծեց Հայատանում այդ տարիներին՝ անդադար այստեղ ներմուծելով իր հավատարիմ մարդկանց:

Հիմնական հակասովետական գործունեություն ծավալողը անձը մնացել էր Սահակ Տեր-Գաբրիելյանը, որին էլ, ինչպես արդեն ասվեց, արտամղեցին, որից հետո 1937 թվականին ձերբակալեցին, որից հետո կամ ինքն է իրեն ցած նետել բանտի լուսամուտից, կամ իրեն են նետել՝ հայտնի չէ:

Նրա մասնակցությամբ պահպանված հարցաքնություններ չկան, բայց կա նրան վերագրված մեղադրանքը, որն էր՝ Հայաստանը Անդրֆեդերացիային և ԽՍՀՄ-ին հակադրելու մեջ, որն այդ տարիների համար համարվում էր մեծ և աններելի քաղաքական հանցանք: Պետք է ասեմ՝ այդ տարիներին ինչքան արժանավոր մարդ կար Հայաստանում, այդ թվում՝ նաև Չարենցին, մեղադրել են հենց այս մեղադրանքով: Երկրորդ հանցանքը, որով մեղադրեցին Սահակ Տեր-Գաբրիելյանին՝ Կուսակցական իշխանության զավթումն էր՝ Անդրֆեդերացիայում: Անշուշտ, կուսակցական իշխանությունն արդեն իսկ զավթված էր, բայց Բերիայի կողմից:

«Հակահեղափոխական նացիոնալիստների հովանավորներ» ծանր մեղադրանքը, որով մեղադրվում էին ժամանակի արժանավոր հայերը, իրենից ներկայացնում էր Հայաստանի սահմաններից դժգոհությունը, Կարսի պայմանագրի արծարծումը, այսինքն՝ ափսոսանքը, ցավն ու անհամաձայնությունը Հայաստանի ճակատագրի վերաբերյալ, որը, սակայն, արգելված թեմա էր: Նույնիսկ, երբ մամուլը պախարակում էր «ազգի թշնամի նացիոնալիստներ» Մահարուն, Խանջյանին, Չարենցին, ապա այս մասին նույն մամուլը խոսելու իրավունք չուներ, սրանք ոչ մի պարագայում չէին կարող դառնալ մասսայական քննարկման թեմա:

Այսպիսով, ես ցանկացա ձեզ ներկայացնել Մեծ տեռորի մթնոլորտը Խորհրդային Հայաստանում, որտեղ Եղիշե Չարենցը ստիպված էր թաքնվել և միաժամանակ բացահայտվել՝ հարբած շրջանում բարձրաձայնելով իր ցավի մասին, զգաստության ընթացում զսպվածություն ցուցաբերելով, սակայն անդառնալիորեն ինքն իրեն ուտելով, ու ինքն այս իրականության մեջ միակը չէր: Իր հետ էր նաև մտավորականության այն հիմնական կորիզը, որի 90 տոկոսը զոհ գնացին Մեծ տեռորի տարիներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս