«Երբևէ դեղատոմսով դուրս գրվող դեղերի դեղատոմսով դուրս գրման պահանջը չի հանվել, այն միշտ եղել է». ԱՆ փոխնախարար
ՀՀ ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ պարտադիր դեղատոմսի կիրառման խնդրին։
«Մարտի 1-ից սկսեց գործել կարգը, որով նախատեսված էր դեղատոմսով դուրս գրվող դեղերի համար դեղատոմս դուրս գրելը, սակայն, ընթացքում մենք հասկացանք, որ կարող են լինել որոշակի խնդիրներ, լարումների՝ հիվանդների հոսքերի հետ կապված, այդ իսկ պատճառով նախապատրաստվեց կառավարության որոշման նախագիծ, որը ներկայացվեց հաստատման։ Այս պահից սկսած հակավարակային դեղերը, որը ներառում է նաև հակաբիոտիկները, վաճառվելու են դեղատոմսով։ Հուլիսի 1-ից սկսած իրականացնելու ենք դեղատոմսերով ներարկումային դեղերի բացթողումը, իսկ հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ մենք կունենանք բոլոր դեղերի դեղատոմսով բաց թողնելու փաստը»,- ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ չնայած նրան, որ կատարվել էր իրազեկման, նախապատրաստման աշխատանք, բայց պրակտիկայում ի հայտ եկան մի շարք խնդիրներ՝ կապված հիվանդների հաճախելիության, լրացման, դեղատներում դեղատոմսով և ոչ դեղատոմսով դուրս գրվող դեղերի հետ։
«Այսօր ՀՀ-ում շրջանառվում է 1135 առանց դեղատոմսի դուրս գրվող դեղ, որոնք ամենատարբեր ազդեցություն ունեն, օրինակ՝ ցավազրկողներ, ջերմիջեցնողներ, փորլուծության դեմ դեղեր, մրսածության դեմ դեղեր, և այլն։ Իրականում, մարտի 1-ին մենք վերսկսել ենք այս պրոցեսը, որը նախկինում կանգնեցված չի եղել։ Մեկ տարի առաջ լրագրողները մեզ անընդհատ հարցնում էին՝ ինչո՞ւ են դեղատոմսով դուրս գրվող դեղերը բաց թողնվում առանց դեղատոմսի։ Դրա պատասխանն այն էր, որ նոր օրենքի հաստատումից հետո որոշակի ժամանակացույցով կարգեր են մշակվում, և մենք արել ենք այն, ինչ պետք է անեինք: Մենք ընդունում ենք մեր թերությունները․ այն տեղեկատվությունը, որը տվել էինք բուժհաստատություններին, բավարար չի եղել, և ավելի շատ պետք է թիրախավորեր մեր բնակչությանը, որ նրանք հասկանային, որ որևէ խնդիր չի կարող սա դառնալ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կառավարության նիստի ժամանակ հնչեցրած այն հայտարարությանը, թե ինֆորմացիա կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների դիմաց գրում-տալիս են, ու դրա համար լրացուցիչ վճար կա, նա հետևյալն ասաց. «Ես տեղեկացել եմ այն մասին, որ նման երևույթ է տեղի ունենում, որն ինձ համար շատ ցավալի է, և այսօր առավոտից անում ենք ամեն ինչ, որ հայտնաբերենք և հասկանանք՝ որտեղ է դա տեղի ունենում, ով է դա անում և ինչ շահադիտական նպատակներով»։
Խաչատրյանը նկատեց՝ որևէ կասեցում չի եղել, եղել է մասնակից կասեցում, որը տեխնիկական խնդիր էր. «Որպեսզի կարգն ունենար ժամանակացույց, ձևակերպումը պետք է իր մեջ «կասեցում» բառն ունենար։ Մեր որոշումն ամբողջությամբ միանգամից էր, բայց մենք նախապատրաստում էինք կառավարության որոշում, որ պետք է ժամանակացույց լիներ։ Տեխնիկական խնդիրներով կառավարության որոշումը մի քիչ ուշացավ»։
Դիտարկմանը՝ այսինքն՝ մարտի 1-ից գործի է դրվել մի կարգ, որն իրավական հիմնավորում չունի, նա այսպես արձագանքեց. «Երբևէ դեղատոմսով դուրս գրվող դեղերի դեղատոմսով դուրս գրման պահանջը չի հանվել, այն միշտ եղել է, բայց դա չի կատարվել զանազան պատճառներով»։