
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց դեղերի՝ դեղատոմսով բաց թողնելու գործընթացի կարգի փոփոխության մասին որոշման նախագծին

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց դեղերի՝ դեղատոմսով բաց թողնելու գործընթացի կարգի փոփոխության մասին որոշման նախագծին. գործընթացը Հայաստանում կանցկացվի փուլ առ փուլ, այլ ոչ թե՝ միանգամից:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանն այսօրվա նիստում ասաց, որ ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում են աստիճանական անցման ժամանակացույց.
«Ժամանակացույցի հիմքում դրել ենք դեղերի ռիսկայնության աստիճանը: Առավել ռիսկային հոգեմետ դեղերը և հակաբիոտիկ դեղերը դրվել են դեղատոմսերով վաճառքի մարտի 1-ից: Հաջորդ փուլով՝ հուլիսի 1-ից, պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա: Հոկտեմբերի 1-ից դեղերի ողջ ցանկի վրա կտարածվի այս պահանջը»։
«Պարոն Մարգարյան, խնդրում եմ, ուշադիր լինեք: Ինֆորմացիա կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների դիմաց գրում, տալիս են, ու դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»,- արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:
Կառավարության ընդունած որոշմամբ, մասնավորապես, նախատեսվում է մասնակի կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկրոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:
Նախագծի նպատակն է՝ դեղատոմսային դեղերի դուրսգրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ:
Ըստ հիմնավորման՝ որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ է դարձել, որ միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ՝ ինչպես բնակիչների, այնպես էլ՝ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվել է աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը: