«Կարծում եմ՝ մենք մի «բարձրագույն» բառի ու այն ներառելու պատճառով ինչ-որ խաղ ենք մտածել». Արարատ Զուրաբյան

Ինչպես հայտնի է, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ սահմանադրական կարգավորումների ներքո՝ այլևս գոյություն չունի «բարձրագույն կոչում» եզրույթը, որը բնորոշում է հենց ազգային հերոսի բարձագույն կոչման բովանդակությունը.

«Կառավարությունը սրան պետք է որոշակի լուծում տա: Ազգային հերոս կոչումը նպատակահարմա՞ր է ներառել «պատվավոր կոչումներ» եզրույթի տակ, թե՞ ոչ: Լուծումը նախագծում տված է, որ հայրենիքի շքանշանով պարգևատրված մարդը համարվում է ազգային հերոս: Շատ կարևոր է, որ ազգային հերոսի կոչումը հասարակությանն ընկալելի լինի, որ տվյալ անձն ազգային հերոս է: Այդ հարցը քննարկվելու է առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ հայ ժողովրդի հայրենիքը շատ ավելի ընդարձակ հասկացողություն է. «Հայրենիքի հերոս շնորհելու խնդիրը մեզ չի վերապահված, այլ վերապահված է նրանց, ովքեր այդ հայրենիքն ամբողջությամբ կունենան: Կարծում եմ՝ մենք մի «բարձրագույն» բառի ու այն ներառելու պատճառով ինչ-որ խաղ ենք մտածել:

Կարդացեք նաև

Այս խաղը շատ նման է ձեր այն եզրույթներին, որը մտածում եք վարչապետին կամ նախագահին լիազորություններ տալու ժամանակ ու մտածում եք՝ ոնց անեք, որ լիազորությունները պաշտոնի հետ փոխակերպվեն այլ վայր: Կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չկա, կոչումների մեջ առաջինը գրում եք՝ ազգային հերոս, դառնում է բարձրագույն կոչումը, եթե պետք է՝ փակագծերում կարող է գրվել՝ բարձրագույն կոչում: «Բարձրագույն» բառը Սահմանադրությունում չլինելով՝ ձեզ համար ինչ-որ խոչընդոտ է ստեղծել, բայց կարծում եմ՝  Սահմանադրությունը խախտված չի լինի, եթե այդ բառը լինի»:

Տեսանյութեր

Լրահոս