«Սարգսյանը պարզորոշ կերպով արտահայտեց այն, ինչն արդեն հստակ էր»

Միջազգային մամուլը շարունակում է քննարկել 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու՝  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը` փորձելով կանխատեսումներ անել, թե երբ կսկսվի կարգավորման նոր գործընթաց Հայաստանի և Թուրքիայի միջև:

Հայ-թուրքական նոր նախաձեռնությունների թեման հատկապես ակտիվ է շրջանառվում՝ հաշվի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «առաջարկությունների» մասին դիտարկումը: «Թուրքիան խախտելով ընդունված միջազգային պրակտիկան և այն հանձնառությունները, որ պետություններն ունեն միջազգային հանրության առջև՝ ուղղակի կոպիտ ձևով չվավերացրեց այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ և որևէ աղերս չունեցող նախապայմաններ»,- մարտի 1-ին ԱԱԽ նիստի ընթացքում, 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման որոշումը հանրայնացնելիս՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ մենք որևէ մեկի հետ հարաբերություններում նախապայմաններ չենք առաջադրում, և որևէ մեկի նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու»,- ընդգծել է Սարգսյանը՝ նշելով, որ այս հարցի կապակցությամբ Հայաստանի մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է նաև արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաև ԵԽ գլխավոր քարտուղարին՝ շնորհակալություն հայտնելով նրանց և բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, ովքեր աջակցություն են ցուցաբերել այս նախաձեռնությանը: ՀՀ նախագահը նաև ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ կլինի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաև թուրքական կողմի մոտ:

«Եթե վաղը-մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում՝ առանց Թուրքիայի հետ ունենալով դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է Ս. Սարգսյանը։

«168 Ժամի» հետ բացառիկ զրույցում ԱՄՆ Քլարքսի համալսարանի պրոֆեսոր, թուրք սոցիոլոգ և գիտնական, պատմաբան, Հայոց ցեղասպանության մասին փաստական գրքերի հեղինակ, կալանավորվելու սպառնալիքի պատճառով Թուրքիայից հեռացած Թաներ Աքչամը նախ անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը, գնահատեց Թուրքիայի նախապայմանների քաղաքականությունն ու ասաց, թե ինչ նկատի ունի ՀՀ նախագահը՝ ասելով «առաջարկություններ», և, երբ Թուրքիան պատրաստ կլինի կառուցողական առաջարկներով հանդես գալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Թաներ Աքչամը նախ նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ միջազգային մամուլը հաճախ է կիրառում «այսպես կոչված՝ արձանագրություններ» ձևակերպումը, որն իրեն հիշեցնում է Թուրքիայի իշխանությունների անդրադարձը 1915 թվականի Ցեղասպանությանը, որպես, «այսպես կոչված», Ցեղասպանություն: Նրա բնորոշմամբ՝ Ցյուրիխյան արձանագրությունները, «այսպես կոչված», արձանագրություններ չէին:

«Դա իրական, անկեղծ և դրական քայլ էր երկու իշխանությունների համար՝ հայ-թուրքական հարաբերությունների առավել լավ ապագայի համար, ինչն անորոշ ժամկետով հետաձգվեց: Իմ մեկնաբանությունը՝ արձանագրությունները չեղարկելու Սարգսյանի որոշման վերաբերյալ, կարտահայտեմ թուրքական ասացվածքով. «Malumu ilam Etmek», ինչը նշանակում է՝ «Ասել կամ հայտարարել մի բան, որն արդեն հայտնի է ու ակնհայտ»: Արձանագրությունները մահացած էին դեռ այն ժամանակ, երբ Թայիբ Էրդողանն այցելեց Բաքու և ելույթ ունեցավ Ադրբեջանի Խորհրդարանում: Իր խոսքում նա արդեն հայտարարել էր, որ Թուրքիան ավարտին չի հասցնի պահանջների իրականացման գործընթացը, քանի դեռ Հայաստանը չի հեռացել Ղարաբաղից, ուստի Սարգսյանի հայտարարությունը պարզորոշ կերպով արտահայտեց այն, ինչն արդեն հստակ էր»,- նման կարծիք հայտնեց Թաներ Աքչամը՝ շարունակելով, որ հայկական կողմը բավականին ակտիվ քաղաքականություն է վարել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ, ինչն արդյունքներ չտվեց մի շարք պատճառներով:

Թուրք գիտնականի խոսքով՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ճանապարհին Թուրքիան անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց և զարգացրեց նախապայմանների մի ամբողջ շարք, ինչն անընդունելի էր: «Թուրքիայի իշխանությունները հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը պայմանավորեցին Ղարաբաղյան հակամարտությունում որոշակի քայլերով: Իրականում, հավելյալ պայմանների առաջադրումը դեմ էր արձանագրությունների ոգուն: Ինչո՞ւ Թուրքիան արեց դա:

Ենթադրում եմ, որ կային լուրջ պատճառներ դրա համար: Առաջինը բավականին ակնհայտ մեկն է՝ Ադրբեջանի իշխանությունը ճնշումներ էր գործադրել Թուրքիայի իշխանությունների նկատմամբ, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան առաջընթացի չհամաձայնի, և երկրորդը` Թուրքիայի իշխանությունների ներսում կային հակասական կարծիքներ այս հարցի վերաբերյալ: Թայիբ Էրդողանն ինքն այս արձանագրություններին հակադրվում էր գործընթացի հենց սկզբից և օգտագործում էր ադրբեջանական դիմադրությունը՝ որպես արձանագրությունների չեղարկման և զրոյացման արդարացում Բաքվում, սա պատահականություն չէ»,- նշեց Աքչամը:

Հարցին, թե կողմերը ե՞րբ պատրաստ կլինեն վերադառնալ բանակցությունների առանց նախապայմանների, Թաներ Աքչամը պատասխանեց, որ չգիտի, և երևի թե ոչ ոք չի կարող ասել: Ըստ նրա՝ անհրաժեշտ են արմատական քաղաքական փոփոխություններ, հատկապես՝ թուրքական կողմից: Աքչամն ասաց, որ Սարգսյանն «առաջարկություններ» ասելով՝ հղում է կատարում ապագային, քանի որ ներկայումս հայկական կողմը ևս հասկանում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ առաջարկներ մոտ ապագայում չեն կարող լինել:

«Բայց դա չկա դեռ հեռանկարում, քանի որ այդ հարցը կախված է Ղարաբաղյան հակամարտությունից, Ադրբեջանն իր կոշտ դիրքորոշումն է պարտադրում Թուրքիային, և ներկայումս քանի դեռ լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել Թուրքիայում, Ադրբեջանի այս դիրքորոշումը հաշվի է առնվելու: Մոտ ապագայում փոփոխություն չեմ ակնկալում, քանի որ ներկայումս նախապայմանների վերացման հավանականությունը շատ քիչ է»,- ասաց Աքչամը: Թաներ Աքչամը հույսը չի կորցնում, որ մի օր Թուրքիան ճիշտ որոշումներ կկայացնի և պատմությունը ճիշտ կգնահատի:

Տեղեկացնենք, որ թուրք պատմաբան Թաներ Աքչամը, ով առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վերջերս գտել էր Ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» էր անվանել։ «Ծխացող ատրճանակի» մանրամասն պատմությունը հայտնվել էր նաև The New York Times-ի էջերում: Նա հայտարարել էր, որ Երուսաղեմի հայկական պատրիարքարանի արխիվում գտել է հեռագրի բնօրինակը, որտեղ զետեղված է տեղեկատվություն Հայոց ցեղասպանության հետ կապված դատավարությունների մասին։

«Մինչև վերջերս համարվում էր, որ «այս ծխացող ատրճանակը» կորած է»,- նշել էր Աքչամը, ով կարծում է, որ իր գտածոն «կցնցի աշխարհը», և հույս ունի, որ դրա շնորհիվ կվերացվի «ցեղասպանությունը ժխտողների պատի վերջին աղյուսը»։ Սակայն Աքչամը հասկանում է, որ ժխտողների պատի վերջին աղյուսը հեռացնելու համար դեռ որոշ ժամանակ կպահանջվի:

Տեսանյութեր

Լրահոս