«Այս խորհրդարանում ինչ գործընթաց էլ տեղի ունենա, տառապելու է լեգիտիմության բացակայությամբ և պակասով». Քաղաքագետ

«ՀՀ 4-րդ նախագահ ընտրությունը լիարժեք ընտրություններ կոչել հնարավոր չէ, որովհետև նա ուղղակի ընտրությունների արդյունքում չի ընտրվում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ այն փաստը, որ պետության գլխին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ՝ խորհրդարանը, ընտրության այլ մակարդակ է. «Բայց դա ինքնին դեռևս չի նշանակում, որ հակաժողովրդավարական է: Այսինքն՝ դա կարող է տեղավորվել և տեղավորվում է ժողովրդավարական խաղի կանոնների շրջանակներում: Խնդիրն այստեղ այլ է: Նույնիսկ այն հանգամանքը չէ, որ մեկ թեկնածու է առաջադրվել: Իհարկե, շատ ճիշտ է, երբ մի քանի թեկնածու է լինում, և կա ընտրության հնարավորություն, բայց ենթադրենք՝ ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել, և, ենթադրենք՝ այդ ընտրությունների արդյունքում մի կուսակցություն ձայների մեծամասնություն է վերցրել: Մենք նույնպես կարող էինք այսպիսի պատկեր ստանալ այդ դեպքում, այսինքն՝ բացարձակ մեծամասնություն ստացած կուսակցությունն էլի մեկ թեկնածու կառաջադրեր, և չէր կարելի ասել, որ դա հակաժողովրդավարական է»:

Է. Վարդանյանի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ այս ամենը տեղի է ունենում մի խորհրդարանում, որը չի ձևավորվել ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքում.

«Ինչքան էլ ասեն, որ խորհրդարանական ընտրություններին մասշտաբային խախտումներ չեն եղել քվեարկության ժամանակ, բայց ակնհայտ է, փաստերը կան, որ լայնորեն կիրառվել է ուղղորդված ադմինիստրատիվ ռեսուրս, բաժանվել է ընտրակաշառք, եղել են ճնշումներ ընտրողների նկատմամբ: Իրականում, ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրությունների ժամանակ ապահովված չեն եղել հավասար հնարավորություններ քարոզչությունն իրականացնելու համար: Այս ամենը քանի որ տեղի է ունենում մի խորհրդարանում, որը ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով ձևավորված չէ, արդեն ինչ գործընթաց էլ տեղի ունենա այստեղ, այն տառապելու է լեգիտիմության բացակայությամբ և պակասով»:

Քաղաքագետի տպավորությամբ՝ Արմեն Սարգսյանի ներկայացրած փաստարկները՝ կապված իր քաղաքացիության խնդրի հետ, համոզիչ չէին. «Երբ կողքից դիտարկում ես, չեզոք աչքով ես նայում, ինչ-որ անհասկանալի, մինչև վերջ չբացահայտված տպավորություն են թողնում այդ ամբողջ պարզաբանումները: Դա կասկած է առաջացնում, խոսում է այն մասին, որ ինչ-որ բան այն չէ, այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ դա արժանահավատ չէ: Իսկ դա անվստահություն է առաջացնում»:

Տեսանյութեր

Լրահոս