Բաժիններ՝

Գյումրու վթարային շենքերը փչացնում են քաղաքի արտաքին տեսքը

Գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ է տիրում Գյումրու նախկին ոստիկանության մոտ գտնվող վթարային շենքում, որտեղ վերջերս փլուզում տեղի ունեցավ: Դրա արդյունքում՝ շենքում բնակվող բնակիչները տարհանվեցին:

Շենքի առաջին հարկում կոյուղաջրերի հոտ է գալիս, ամենուր աղբ է թափված, ու նմանատիպ շենքերի առկայությունն ուղղակի փչացնում է Գյումրու արտաքին տեսքը:

Չնայած այս հանգամանքին, շենքի սեփականատերը, որը պարտավոր է 14 ամսվա ընթացքում ապամոնտաժել շենքը, չի շտապում այդ քայլին դիմել, չէ՞ որ վթարային շենքն ապամոնտաժելը ևս գումար արժե:

Տեղի ունեցած փլուզումից հետո Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել էր, որ անթույլատրելի է, որպեսզի 4-րդ աստիճանի վթարային այս շենքում բնակիչներ բնակվեն: Սակայն փլուզումից օրեր անց բնակիչները կրկին ետ էին վերադարձել: Նրանց մի մասը պատճառաբանում է, որ չեն ցանկանում այլ հանրակացարանում կամ Գյումրու Մուշ թաղամասում բնակվել, այլ նախընտրում են, որպեսզի իրենց բնակարաններ հատկացնեն հենց քաղաքի կենտրոնում:

Կարդացեք նաև

Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը, բնակիչների հետ պարբերաբար հանդիպում են քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները.

«Բնակիչներին առաջարկվել էր տեղափոխվել բժիշկների հանրակացարան, որից հրաժարվեցին: Հիմա առաջարկ է եղել նրանց մեկ այլ տարածքում նրանց տեղավորել, որը գտնվում է Շիրակացի 60 հասցեում: Այս պահին որոշակի ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվում այնտեղ, որից հետո բնակիչներին կառաջարկվի տեղափոխվել այդ կառույց»,- նշեց Սոնա Առաքելյանը:

Հարցին՝ արդյոք երբևէ վթարային այս շենքի բնակիչներին բնակարաններ տեղափոխվելու առաջարկ եղե՞լ է, Ս. Առաքելյանը պատասխանեց.

«Անցած տարի եղել են դեպքեր, երբ այդ շենքում բնակվող որոշ մարդկանց առաջարկվել է սոցիալական բնակարաններ տեղափոխվել (խոսքը 58 թաղամասում՝ Մովսես Խորենացի փողոցում կառուցված սոցիալական բնակարանների մասին է), սակայն բնակիչներն հրաժարվել են:

Նշենք, որ Գյումրու Գ.Նժդեհ փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկում տեղի ունեցած փլուզումը հաստատ միակը չի լինի: Հնարավոր է՝ Գյումրու այլ, մասնավորապես՝ 4-րդ աստիճանի այլ վթարային շենքերում ևս փլուզումներ տեղի ունենան, ինչպես, օրինակ, Անտառավան թիվ 26 շենքում, որտեղ ևս բնակիչներ են բնակվում:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս