Ալբերտ Մկրտչյանը հայկական կինոսիրո ներկայացուցիչն էր. արվեստասերները վերջին հրաժեշտը տվեցին ռեժիսորին
Ալբերտ Մկրտչյանի կինոմտածողությունը հավերժ ապրելու է սերունդների սրտերում և հոգիներում: Ռեժիսորի վերջին հրաժեշտի արարողությանն այսպես ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Արվեստասեր հասարակայնությունը Ալբերտ Մկրտչյանին վերջին հրաժեշտը տվեց մարտի 2-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: Հուղարկավորությունը տեղի ունեցավ Երևանի քաղաքային պանթեոնում:
«Նրա կյանքն իր և մեր ապրած տարիների կինովավերագրությունն ու կինոտարեգրությունն էր` սկսած «Լուսանկար»-ից, մինչև «Ուրախ ավտոբուս»-ը: Ալբերտ Մկրտչյանը կարողացավ մեր ժամանակների իրական հերոսներին էլ ավելի հերոսացնել, դարձնել մեր մարմնի, սրտի, հոգու, երևակայության ամենակարևոր, ամենապայծառ, շողշողուն մասնիկը»,-շեշտեց նախարարը:
Դերասան Գեորգի Հովակիմյանի խոսքով` Ալբերտ Մկրտչյանը այն սերնդից էր, որը մեծ հետք թողեց կինեմատոգրաֆում: «Մալյան, Դովլաթյան… Նա այդ ժամանակաշրջանի վերջին մոհիկանն էր, որ լքեց այս աշխարհը, սակայն թողեց հրաշալի արվեստի գործեր, որոնք ոչ միայն մեզ մոտ են սիրված, այլև արտերկրում»,-նշեց Հովակիմյանը:
Կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանի համոզմամբ` վաթսունականներին հայ կինոն վերելք ապրեց ի դեմս Փարաջանովի, Մալյանի, Փելեշյանի, Դովլաթյանի, ովքեր ապահովեցին մեր կինոարվեստի թռիչքը: «Ալբերտը մտավ դաշտ նրանցից հետո և, կարծես թե, ինչ-որ նոր լեզու գտնելու խնդրի առաջ էր կանգնած: Նա մտավ յուրատեսակ մրցույթի շատ ինքնատիպ ձևով և ասաց, որ չի հետևելու նոր ձևերի, նոր ոճի»,-ընդգծեց կինոգետը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի կարծիքով, կինոյի ստեղծման օրից տարբեր շրջաններում տարբեր կինոլեզու, տարբեր կինոմտածողությունն է մոդայիկ: «Կա կինոյի մի տեսակ, որի նվիրյալն էր Ալբերտ Մկրտչյանը. այն կոչվում է իրական սիրո, իրական պատմությունների ժողովրդական կինո, որը միշտ կմնա, քանի որ կինոլեզվի ձևերը, տեսակները կարող են փոխվել, բայց մարդկայինը` երբեք: Ալբերտ Մկրտչյանը հայկական կինոսիրո ներկայացուցիչն էր. այնքան սեր, հույզ, զգացմունք կա նրա ժապավեններում»,-եզրափակեց Խաչատրյանը:
Ալբերտ Մկրտչյանը 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971-ին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետի Եֆիմ Ձիգանի արվեստանոցը։ 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ «Հայֆիլմ» ստուդիայի ռեժիսոր, 1995-1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։