«Թուրքիան կրկին ստորագրեց պատմական սխալի տակ». Թաներ Աքչամ
Հայ-թուրքական արձանագրություններին ընթացք չտալով Թուրքիան հերթական անգամ ստորագրեց պատմական սխալի տակ: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ասաց հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը:
Նա ընդգծեց, որ արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց այն, ինչն արդեն հստակ էր:
«Արձանագրությունները Թուրքիայի կառավարության կողմից արված հայտարարություններից անմիջապես հետո արդեն սպանվել էին և վերածվել դատարկ թղթի կտորի: Չեմ կարող ասել, թե երբ կձևավորվի անհրաժեշտ կամք՝ կանգնելու արձանագրությունների հետևում:
Մարդկության պատմությունը լի է նման հարյուրավոր, անգամ հազարավոր բաց թողնված հնարավորություններով: Սա էլ մի մեծ հնարավորություն էր, որը բաց թողնվեց… Մեզ մնում է միայն ասել՝ ափսոս, և կրկնել՝ Թուրքիան կրկին ստորագրեց պատմական սխալի տակ»,- ասաց Աքչամը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:
Նա հանձնարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:
Արաքս Կասյան