
Սերժ Սարգսյանը հանձնարարել է Նալբանդյանին արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին ծանուցել Թուրքիային

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.1-ին հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Դադարեցնել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը»: