«Սրանք ինձ հիշեցնում են Քաջ Նազարի թախտի տակից արված հոխորտանքները». Նաիրա Զոհրաբյան

Այսօր՝ Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի օրը, ԱԺ-ում քննարկվում է Սումգայիթյան ջարդերը դատապարտող ԱԺ հայտարարության նախագիծը:

ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հայտարարությանը միացել են ԱԺ բոլոր խմբակցությունները, և սա այն հարցն է, երբ ներքաղաքական հակասությունները մի կողմ են դրվում:

«ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրագործած զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները, ինչպես նաև հայատյաց և ռասիստական քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիվ ռազմական գործողությունները, ոգեկոչում է անմեղ զոհերի հիշատակը, կոչ է անում խորհրդարաններին և խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին՝ դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած և շարունակվող ոճրագործությունները»,- հայտարարեց Ա. Աշոտյանը:

Նա նաև նշեց, որ այս թեմայով լսումների հենց նույն օրն Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը և Դատախազությունը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ փորձելով լրատվական դաշտում կանխել հայկական կողմից հնչեցվող գնահատականների ազդեցությունը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ որևէ խնդիր չի կարող լինել այս հարցում, բնական էր, որ հայտարարությունն ընդունվելու էր միաձայն. «Ինձ համար առնվազն հասկանալի չէ՝ գալ, այս ամբիոնից հոխորտալ, մատ թափ տալ Ալիևի վրա, ինչ-որ հոխորտանքներ հնչեցնել այստեղից, ինձ սա հիշեցնում է Քաջ Նազարի թախտի տակից արված հոխորտանքները: Մենք այդ ամեն ինչը պետք է դրսերում անենք»:

Այնուհետև Ա. Աշոտյանը ևս անդրադարձավ Ն. Զոհրաբյանի դիտարկումներին. «Սա նաև առիթ է խոսելու առհասարակ խորհրդարանական դիվանագիտության  անելիքների մասին: Ես համաձայն եմ այդ հարցադրման հետ, տիկին Զոհրաբյան, բայց այդ առիթն աշխատանքային է, այդ առիթն օրեցօր տքնաջան աշխատանքի մարտահրավեր է: Ես համաձայն եմ ձեզ հետ՝ մատ պետք չէ թափ տալ ոչ ոքի վրա, դա վաղուց չի աշխատում: Մեր փոխարենք այդ մատը՝ զենքը, թափ է տալիս մեր զինվորը սահմանի վրա»:

Ըստ Ա. Աշոտյանի՝ 6-րդ գումարման խորհրդարանը բավականին ակտիվ է սկսել արտաքին դիվանագիտության հարցերում:

Նշենք, որ հայտարարության նախագիծն ընդունվեց միայն կողմ ձայներով:

Տեսանյութեր

Լրահոս