Սխալ տվյալներ հրապարակելու դեպքում կա՞ պատասխանատվության ինստիտուտ
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանն ասաց, որ օրենքում փոփոխություններ կատարելը պայմանավորված է Սահմանադրության փոփոխությամբ, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հետաքրքրվեց, թե 2000 թվականին ընդունված օրենքի և այս օրենքի սկզբունքային տարբերությունը ո՞րն է:
Ի պատասխան՝ Ս. Մնացականյանն ասաց, որ «Պետական վիճակագրության մասին» օրենքի փոփոխությունները պայմանավորված են և՛ Սահմանադրության փոփոխություններով, և՛ ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի փոփոխություններով, որոնց նախաձեռնողը, նրա խոսքով, հենց Հայաստանն է եղել.
«2000 թվականին, երբ Պետական վիճակագրական օրենք էր մշակվում, որի գլխավոր հեղինակներից մեկը, պարոն Բոստանջյան, Դուք էիք, ինչպես նաև այն ժամանակվա վարչապետ Արամ Սարգսյանը, այն ժամանակ հենց մեր պատգամավորները հարց բարձրացրեցին, թե ինչո՞ւ է այն մոդելային օրենքը, որ 1999 թվականին Եվրոստատն էր տրամադրել, ուղղված միայն վիճակագրական ծառայության կարգավորմանը:
Ես այդ պահին ձեզ խոստացա, որ կփորձեմ միջազգային կառույցներում այդ հարցը բարձրացնել: 2000 թվականից անմիջապես ես իմ խոստումը կատարել եմ, որի հիման վրա 2005 թվականին Եվրամիությունում ընդունվեց Եվրոպական փորձարարության օրենսգիրք, և այդ ձեր առաջարկած հարցը ընդունվեց Եվրամիության կողմից»:
Վ. Բոստանջյանը նկատեց, որ Հայաստանն օգտագործում է Համաշխարհային բանկի կամ ՄԱԿ-ի կողմից տրված մեթոդաբանությունը, որը մեր ազգաբնակչության և՛ զայրույթն է առաջացնում, և՛ մտահոգությունը. «Մենք չունենք այնպիսի մեթոդաբանություն, որի վրա հենվելով՝ մենք կկարողանանք ավելի հավաստի տվյալներ տրամադրենք»:
Ս. Մնացականյանն ասաց, որ երբ ստեղծվեց ՄԱԿ-ը, այն ժամանակ նպատակը խաղաղության խնդիրն էր. «Բայց քչերին է հայտնի, որ 1946 թվականին որոշում ընդունվեց ստեղծել ՄԱԿ-ի վիճակագրական ծառայություն, որ ողջ աշխարհում վիճակագրության մեթոդաբանություններն իրականացնեն միասնական մեթոդաբանության հենքով, որովհետև միշտ էլ գոյություն ունեն քաղաքական, տնտեսական, վարչական այնպիսի շահեր, որոնք ինչ մեթոդաբանություն էլ կազմվի, դրանց վրա ազդելու են:
Ինչ վերաբերվում է նրան, որ մարդիկ բողոքում են, որ հավաստի չեն տվյալները, ես հանդիսանում եմ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական տարածաշրջանի վիճակագրության բյուրոյի փոխնախագահ, և հնարավորություն եմ ունեցել բարձրացնել բազմաթիվ հարցեր, այն, որ աղքատության ցուցանիշը միայն փողային չափման չենթարվի, և մոտավորապես 8 տարի է, այդ գործընթացը ընթացքի մեջ է»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց, թե սխալ տվյալներ հրապարակելու դեպքում կա՞ պատասխանատվության ինստիտուտ: Ի պատասխան՝ Ս. Մնացականյանն ասաց, որ նախատեսվում է պատասխանատվություն ամեն դրույթի ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու համար: