Բաժիններ՝

Հայաստանի հավաքականը կրկին առաջինն է. մարզիչների և բասկետբոլիստների կարծիքները

Եվրո-2021-ի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 84:65 հաշվով առավելության հասավ Ալբանիայի հավաքականի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալլին Հեսսը, ով վաստակեց 21 միավոր:

Խաղից հետո լրագրողների հետ են խոսել Հայաստանի հավաքականի մարզիչն ու բասկետբոլիստները:

Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը առաջին հերթին անդրադարձել է երկրպագուներին՝ նշելով, որ նրանց աջակցությունը շատ կարևոր էր:

Բավցևիչը խաղից առաջ նշել էր, որ թիմը շատ խնդիրներ ունի և հաղթելը շատ բարդ է լինելու, իսկ խաղից հետո գլխավոր մարզիչը նշում է, որ տղաները անհավանական կամք ցուցադրեցին և արեցին առավելագույնը:

Ըստ հավաքականի մարզչի՝ իրենք շատ լավ ուսումնասիրել էին մրցակցին, սակայն դա անարդյունք կլիներ, եթե բասկետբոլիստները չկենտրոնանային և արժանի խաղ չանցկացնեին:

Հավաքականը այս խաղում լուրջ կորուստներ ուներ: Մարզիչը նշում է, որ նախորդ խաղի առաջատար Ալբերտ Թադևոսյանը այդպես էլ չհասցրեց ապաքինվել վնասվածքից:

Խաղից առաջ խոսելով թիմի նորեկ Արագադ Աբրամինաի մասին՝ Նիշա Բավցևիչը նշել էր, որ նա Հայաստանի հավաքականի ապագան է: Խաղից հետո մարզիչը հաստատեց իր խոսքերը՝ նշելով, որ Արագադը շատ լավ հանդիպում անցկացրեց:

Ինքը՝ Արագադ Աբրամիանը, տպավորված էր իր մեկնարկային խաղով և նշում էր, որ կփորձի անընդհատ բարելավել իր խաղը: Արագադը նշում է, որ խաղը շատ լավն էր՝ եթե կա հաղթանակ, ուրեմն լավ խաղ էր: Արագադը հատկապես շեշտում է այն հանգամանքը, որ ինքն ու թիմակիցները շատ լավ հասկանում էին իրար:

Արագադ Աբրամիանի համար սա առաջին խաղն էր Հայաստանի հավաքականում: Բասկետբոլիստը նշում է, որ հուզմունք չկար, քանի որ սա այն խաղն է, որը ինքը շատ է սիրում, սակայն մեկ այլ բան է բասկետբոլ խաղալ այլ տեղերում, մեկ այլն բան է Հայաստանի համար խաղալը:

Հանդիպման հերոսներից մեկը՝ Լուկաս Ֆիշերը, նշում է, որ թիմը շատ լավ խաղաց: Ըստ Ֆիշերի՝ հաղթանակի համար շատ կարևոր էր այն, որ թիմը ուներ Ալբանիայի հետ խաղալու փորձ և արդեն ճանաչում էր մրցակցին:

Հայաստան-Ալբանիա խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը՝ Ալլին Հեսսը, մեզ հետ զրույցում նշում է, որ բոլոր թիմերն էլ ունեն սխալվելու հնարավորություն, ոչ ոք անսխալական չէ, այնպես որ Հայաստանի հավաքականը շատ լավ շանսեր ունի՝ հաղթահարելու ընտրական փուլը: Ըստ Ալլին Հեսսի՝ հաղթելը միշտ հաճելի է, հատկապես հաճելի է, երբ թիմը հաղթում է շատ լավ և որակյալ խաղով: Ալլին Հեսսը նշում է նաև, որ իրենց մեծ ուժ էին տալիս երկրպագուները՝ նրանք պարզապես հրաշալի էին:

Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիուս Դուկասը մեզ հետ զրույցում նշում է, որ իրենք գիտեին, որ իրենց բարդ խաղ էր սպասվում, սակայն եկել էին հաղթանակի հետևից: Ըստ ալբանացիների մարզչի՝ իրենք լուրջ կորուստներով էին մոտեցել այս հանդիպմանը և որակական առումով զիջում էին Հայաստանի ընտրանու բասկետբոլիստներին:

Անտոնիուս Դուկասը նշում է, որ սեփական հարկի տակ ալաբանացիները պարտվեցին Հայաստանի հավաքականի առաջատար Բոթրայթի առկայութամբ, այսօր Բոթրայթը բացակայում էր, սակայն թիմը պարտվեց 20 միավորի տարբերությամբ: Ալբանացիների գլխավոր մարզիչը չի հավատում, որ 3 պարտված խաղերից հետո իր հավաքականը հաջորդ փուլ դուրս գալու շանսեր ունի:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին, որտեղ կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին:
Նշենք նաև, որ Հայաստանի հավաքականը կրկին առաջինն է Բ ենթախմբում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս