«Միևնույն է, գալու է այն ժամանակը, երբ մարտի 1-ի բոլոր կազմակերպիչները պատժվելու են». Լևոն Զուրաբյան
«1988թ. շարժումը կրում էր բացառապես սահմանադրական, խաղաղ, հավասարակշռված բնույթ։ Շատերն ասում են, որ Գորբաչովն էր, «պերեստրոյկան» էր, արդեն սովետական միությունը թուլացել էր, և տպավորություն է ստեղծվում, որ ով էլ լիներ, այդ շարժումը կարող էր ճիշտ ուղղությամբ տանել։ Դա այդպես չէ, մենք իսկապես Ղարաբաղ կոմիտեի անդամների արձանները պետք է դնենք»,- այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կազմակերպված արցախյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական հավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ շատերը մոռանում են, որ նույն Սովետական միության մեջ և՛ ղարաբաղյան շարժումից առաջ, և՛ դրանից հետո եղել են նմանատիպ շարժումներ, բայց դրանք շատ վատ են ավարտվել այդ ժողովուրդների համար, ողբերգական դեպքեր են եղել, բախումներ, սպանություններ. «Ղարաբաղ կոմիտեն այնքան ճշգրիտ կառուցեց պայքարը, որ սովետական իշխանությունները որևէ պահի չեն կարողացել գնալ պրովոկացիայի, չեն կարողացել օգտագործել որևէ բռնարարք»։
Արցախյան շարժումն, ըստ նրա՝ ժողովրդի մեջ հաղթահարեց զոհի հոգեբանությունը. «Բացատրեց ժողովրդին, որ ինքներս կարող ենք հարցեր լուծել, որ պետք է մեր բախտը վերցնենք մեր ձեռքը։ Շարժման ամենակարևոր նվաճումներից մեկը նաև այն էր, որ շարժումը կարևոր հոգեբանական փոփոխություն կատարեց մեր ժողովրդի մեջ. մերժելով պատմական վրեժ կատարելու մոլուցքը՝ շարժումն իրական քաղաքական նպատակներ սահմանեց մեր ժողովրդի առջև, այն է՝ պայքարել հայ ժողովրդի անօտարելի իրավունքների համար, Ղարաբաղի ժողովրդի անօտարելի ինքնորոշման իրավունքի համար՝ սրանով ամբողջ աշխարհին հասկանալի դարձնելով հայ ժողովրդի պայքարը։ Եթե չլիներ այդ շարժումը, այսօր Արցախ չէր լինի։ Այդ շարժումը փրկեց Արցախին»։
Նրա խոսքով՝ 30 տարի անց պետությունը վերածվել է ավազակապետության, ոչինչ չի մնացել հոգևոր սուվերենությունից, որ հայ ժողովուրդը ձեռք էր բերել. «Բոլոր ազգերի պատմության մեջ հեղափոխություններն ունեցել են հետընթացներ։ Բայց իմացեք, որ սա ունեցել է մնայուն էֆեկտ, որովհետև շարժման շնորհիվ ստեղծվել է գաղափարական այնպիսի մի հենք, որը միշտ մնալու է մեր ժողովրդի հետ։ Մյուս շարժումը, որն անպայման գալու է, նորից իր ուժը քաղելու է 1988 թվականի շարժման ակունքներից։ 2008 թվականի մարտի 1-ին այլ բան չկատարվեց, քան 1988 թվականի շարժման գնդակահարումը։ Իշխանությունները շատ լավ հասկանում էին, որ ժողովրդավարությունը ճնշելուց հետո պետք է ճնշել նրա գլխավոր խորհրդանիշը, և հենց դա էր պատճառը, որ մարտի 1-ի գնդակահարությունից հետո Ազատության հրապարակում անցկացրին ռազմական շնորհանդես։ Մարտի 1-ին մենք ունենալու ենք մեր ավանդական դարձած երթը, որ իշխանություններն իմանան՝ մարտի 1-ի հանցագործությունները չեն մարսվել, ժողովուրդը դա չի ներելու։ Միևնույն է, գալու է այն ժամանակը, երբ մարտի 1-ի բոլոր կազմակերպիչները պատժվելու են»։