«Խոսքի ազատությունը մեզ մոտ պատշաճ մակարդակի վրա է». Արա Ղազարյան

««Սասնա ծռերի» աջակիցների կողմից տարվող քարոզչությունը ցույց տվեց, որ մենք չունենք համապատասխան գործիք՝ այս երևույթի դեմ պայքարելու։ Բռնության քարոզն արգելվում է, ազատ խոսքը չի կարող օգտագործվել դրա համար, և այստեղ ունեինք օրենսդրական բաց»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Պատասխանատվության քրեականացում. ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը։

Ինչ վերաբերում է լրագրողներին, իրավաբանի կարծիքով՝ մի բան է՝ լուսաբանել, մի բան է՝ մի փոքր ավելին անել.

«Եթե ահաբեկչություն է տեղի ունենում, ապա լրագրողը պետք է շատ զգույշ լուսաբանի։ Չի կարելի վերցնել ամբողջ տեքստը տպել, որտեղ ուղղակիորեն գրված է, որ պետք է սպանել ոստիկաններին, բռնության կոչեր էին արվում։ Դա եթե համեմատենք Եվրոպական դատարանի նախադեպի հետ, դրա համար լրագրողը կարող է պատասխանատվության ենթարկվել։

Լրագրողը կարող է զգուշությամբ իր բառերով ասել, ոչ թե ցիտել ահաբեկիչներին։ Կարող է որոշ հատվածներ մեջբերել ահաբեկիչներից, բայց շատ զգուշությամբ, որովհետև դա բռնության քարոզ է, իսկ ազատ խոսքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է բռնության քարոզը»։

Կարդացեք նաև

Արա Ղազարյանն ասաց, որ ազատ խոսքը չի կարելի օգտագործել ահաբեկչության նպատակով.

«Եթե ազատ խոսքն օգտագործվում է բռնություն քարոզելու նպատակով, որովհետև նա նույնասեռական է կամ կրոնական փոքրամասնություն, դա բացարձակապես արգելվում է։ Մենք ունենք Սահմանադրության համապատասխան հոդվածներ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով է դա արգելվում։ Ենթադրենք՝ լրագրողը սկսում է մեկնաբանել, այլ ոչ թե՝ մեջբերել, սա արդեն իրավաչափ է, բայց եթե բռնության կոչերը լրագրողը պարբերաբար սկսում է հրապարակել, նշանակում է՝ նա քարոզում է։ Այստեղ մտադրությունն է կարևոր, թե ինչ մտադրություն է հետապնդում նա, ով լուսաբանում է։

Այստեղ արդեն լրագրողական պրոֆեսիոնալիզմն է կարևոր։ Եթե հոդված են տալիս, որտեղ ասվում է՝ Թուրքիան պետք է ամբողջովին խեղդել արյան մեջ, և լրատվամիջոցն ամբողջությամբ հրապարակում է, դա կարող է բերել պատասխանատվության, քանի որ դա իրավունքի չարաշահում է»։

Նրա խոսքով՝ ՊՊԾ գնդի դեպքերը լուսաբանելիս՝ որոշ լրատվամիջոցներ պահում էին իրավաչափություն, իսկ որոշ լրատվամիջոցներ՝ քողարկված քարոզ անում. «Չեմ ասում՝ ահաբեկչության քարոզ․ դա ահաբեկչությո՞ւն էր, թե՞ ոչ, այլ թեմա է։ Մենք ունենք շատ գործիքներ, որպեսզի այդ երևույթի դեմ պայքարենք այնպես, որպեսզի ընդհանուր շահը, հասարակության՝ տեղեկատվություն ստանալու շահը չտուժի։ Դրա համար պետք է պատասխանատու լրագրություն և պրոֆեսիոնալիզմ»։

Հարցին՝ Հայաստանի պարագայում որքանո՞վ ճիշտ կկիրառվի այդ օրենքը, կարծիքներ կան, որ սա արվում է ըմբոստությունը, հեղափոխության կոչերը զսպելու համար, Ղազարյանն այսպես պատասխանեց. «Հայաստանը ԵԽ այն փոքրաթիվ երկրներից է, որի վերաբերյալ մինչև հիմա միայն մեկ վճիռ է կայացվել ազատ արտահայտվելու իրավունքի վերաբերյալ։ Այսինքն՝ խոսքի ազատությունը մեզ մոտ պատշաճ մակարդակի վրա է։ Ցանկացած իրավունք կարող է չարաշահվել, բայց հակակշիռներն են կարևոր։

Քաղաքական գործիչները շատ հաճախ են դեկլարատիվ հայտարարություններ անում։ Նրանք, ովքեր դատարանի հետ գործ են ունենում, գիտեն, որ դատարանները և՛ կողմնակալ որոշումներ են կայացնում, բայց նաև՝ շատ լավ որոշումներ են կայացնում։ Ես գիտեմ զրպարտության և վիրավորանքի հետ կապված այնպիսի համաչափ դատական որոշումներ, որ լրագրողը կամ լրատվամիջոցը չսնանկանա։ Հիմա, եթե նման գործեր լինեն, ճնշումն այնքան մեծ կլինի դատարանի վրա, որ դատարանը հանկարծ լրագրողի լեգիտիմ խոսքը չմեկնաբանի՝ որպես ահաբեկչության սադրանք։ Այստեղ կան շատ բարձր չափանիշեր, որոնք դատարանները պետք է կարողանան հիմնավորել, օրինակ՝ մեկը մտադրությունն է․ պետք է հիմնավորել, որ դիտավորությամբ նա ուզում էր սադրել ահաբեկչությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս