Բաժիններ՝

«Ծնողները ևս մեղավոր են, ինչ ասես՝ լցնում են երեխաների պայուսակների մեջ». Լևոն Մկրտչյան

«Մոտ 40 տարի դպրոցական դասագրքերի ծանրության պրոբլեմը հանրակրթական համակարգի համար առաջին պրոբլեմն է։ Սովետական շրջանից սկսած՝ ամեն տարի առողջապահության նախարարն այս հրամանն է տալիս, որով ասում է, թե այդ տարի ինչ չափանիշեր պետք է պահենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ հարուստ երկրները խնդրի լուծման համար փորձում են երկու բազա ստեղծել. մի դասագիրք՝ տանը, մյուսը՝ դպրոցում. «Երկրորդ ճանապարհը դասագրքերը մանրացնելն է՝ ըստ թեմաների, որովհետև երեխան, որը դասագիրքը տանում է, այդ պահին պետք է դասագրքի 3 էջը։ Դա նույնպես հավելյալ ծախս է ենթադրում։ Մյուս տարբերակն էլեկտրոնային կրթությունն է, որի ուղղությամբ քայլեր ենք անում։ Այսինքն՝ երեխաները PDF-ով ունենան դասագիրքը, լինի պլանշետային ուսուցում։ Բայց այն երկրները, որոնք անցել են պլանշետային ուսուցման, երեխաների տեսողության վտանգման խնդիր ունեն․ այդ տարիքի երեխաներին չի կարելի այդքան ծանրաբեռնել։ Բայց որ խնդիրը կա և լուրջ է, փաստ է»։

Նախարարը նկատեց՝ ծնողները ևս մեղավոր են, ինչ ասես՝ լցնում են երեխաների պայուսակների մեջ. «Եթե երեխաները միայն իրենց դպրոցական դասագրքերը տանեն, լրացուցիչ խնդրագրքեր ուսուցիչները չուզեն, երեխաների ճաշը թեթև դնեն, ծանր բաներ չդնեն, հավատացեք՝ այդ ծավալները կփոքրանան»։

Ինչ վերաբերում է դասագրքերի փոփոխությանը, Մկրտչյանն ասաց, որ խոստացել է դպրոցական ծրագրերն արմատապես բեռնաթափել.  «Այսինքն՝ դասագիրքը սպասարկում է չափորոշիչին, այս տարի վերջնական կրթակարգը կլինի։ Ցավոք, չունենք այն մասնագիտական դպրոցը, որ իմանան՝ ինչպես գրել դասագիրք։ Դրա համար ծրագրում ենք ԵՄ դրամաշնորհը և Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխման մի ուղղությունը դասագրքերի ուղղությունը դարձնել։ Բնական գիտությունների համար լուծումն ունենք․ վերցնում ենք աշխարհում ընդունված բնագիտական դասագրքերը, ադապտացնում ենք։ Բայց հանրակրթության մյուս հատվածում գրելու որակը չունենք, կամ շատ ակադեմիական է ստացվում, կամ շատ պարզունակ։ Մանկավարժական համալսարանի հետ արդեն պայմանավորվում ենք, որ հատուկ մագիստրոսական ծրագիր ունենանք դասագիրք գրելու համար»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս