Բաժիններ՝

«Գնաճը ոչ թե 2.6%, այլ 21.9% է». Փաշինյանը հիշեցրեց կարագի ու խառը կանաչու պատմությունը

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ներայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, հայտարարեց, որ մինչ օրս չկա հստակ ու հասկանալի բացատրություն, թե ինչն է գների բարձրացման պատճառը։

Ըստ նրա՝ միշտ պատճառ է բերվում միջազգային գների բարձրացումը, որը, սակայն, այս դեպքում ընդունելի չէ, քանի որ, եթե Մոսկվայում դիզվառելքը թանկացել է 7.7%-ով, Երևանում նույն ժամանակահատվածում թանկացել է 32.3%, և նույնը վերաբերում է բենզինին։

Պատգամավորի խոսքով՝ որպես օրինակ՝ հիշատակվում է Մոսկվան, որովհետև վերջին տարիներին պայմանագրային բազայի փոփոխությունից հետո ԵԱՏՄ-ն վառելիքի միասնական շուկա է, և այսօր փաստացի ՀՀ բենզինի հսկա մասը ներկրվում է մեկ տնտեսվարողի կողմից ՌԴ-ից.

«Ընդհանուր շուկայի մեջ չի կարող մի  մասում 100 միավոր բարձրանալ, մի մասում՝ 3 միավոր։ Այս ուսումնասիրությունները բերում են շատ հստակ եզրակացության, որ չի կարելի ասել, որ միջազգային գների տատանումները դեր չունեն, գործ ունենք նաև ակցիզային հարկի հետ, բայց տվյալ դեպքում մինչև հունվարի 1-ը գործ ենք ունեցել ևս 2 գործոնի հետ, որ ՀՀ-ում հանգեցրել է բենզինի, դիզվառելիքի, և սրա հետ՝ նաև շղթայական թանկացման։ Դա առաջինը՝ գնաճային սպասումներն են, որովհետև բոլորը իմացել են, որ հունվարի 1-ից էդ ակցիզը պետք է մտնի, ասել են՝ ի՞նչ տարբերություն, նոյեմբերից սկսենք էդ գործը իրականացնել։

Կարդացեք նաև

Եվ սա, իմ խորին համոզմամբ, կապված է նաև քաղաքական որոշակի գործառույթների հետ, և ինչպես ժողովրդական լեզվով ընդունված է ասել, սա կապված է ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ։ Ընդհանրապես, ամեն ընտրությունից հետո մենք ունենում ենք լայն սպառման ապրանքների գների որոշակի թանկացում, և այս տարի ետընտրական ժամանակաշրջանը բացառություն չէր։ 2 ընտրություն էինք ունեցել իրար վրա, որոնք շատ ակտիվ ընտրակաշառային ներգործությամբ էին աչքի ընկել, մեկը՝ խորհրդարանական ընտրությունները, մյուսը՝ Երևանի քաղաքապետարանի ընտրությունները։ Եվ տեղի է ունեցել ընտրակաշառքների հետհավաքման պրոցեսը»։

Ն.Փաշինյանը նշեց, որ այս երևույթը նաև շաքարավազի պարագայում է, քանի որ միջազգային շուկայում շաքարի գները իջել են 39.4%, ՀՀ-ում՝ 6.2%. «Ես հույս ունեմ, որ այս խնդրի կապակցությամբ Հանրապետական խմբակցության պատգամավոր պարոն Ալեքսանյանը ելույթ կունենա և կփարատի մեր բոլորի այն կասկածները, որ տվյալ դեպքում գործ ունենք ընտրակաշառքի հետհավաքման գործընթացի հետ»։

Ն.Փաշինյանը ներկայացրեց նաև ԱԺ տնտեսագիտական վարչության եզրակացությունը, որում նշվում է, որ ակցիզի դրույքաչափը ետ իջեցնելը չի նշանակում, որ գներն էլ կնվազեն, որովհետև ՀՀ-ում գները շատ արագ արձագանքում են թանկացման գործոններին և չեն արձագանքում գների նվազեցման գործոններին։

Անդրադառնալով այն խնդրին, թե ՀՀ-ում իրականում ինչքա՞ն է գնաճը, Փաշինյանը ծիծաղելի որակեց ԱՎԾ հրապարակած ցուցանիշը՝ 2.6%։ «Ելքի» փորձագետների հաշվարկով՝ ՀՀ-ում քաղաքացիների համար ամենօրյա սպառման ապրանքների գնաճը ոչ թե՝ 2.6%, այլ՝ 21.9% է։ Նա հիշեցրեց կարագի ու խառը կանաչու պատմությունը, որ կարագը թանկացել է 41%, իսկ խառը կանաչին իջել է 48%։ Սակայն, ինչպես ընդգծեց Փաշինյանը, կարագի տեսակարար կշիռը սպառման մեջ անհամեմատ ավելի բարձր է, քան խառը կանաչունը։ Փաշինյանը նշեց, որ «Ելքը» գնացել է խանութ և գնել թե՛ էժանացած, թե՛ թանկացած ապրանքները նախկին ու ներկա գնով, և գնաճը 21.9% է կազմել։

«Քանի որ տեղի է ունցել անկառավարելի գնաճ և շարունակում է տեղի ունենալ, մենք առաջարկում ենք ակցիզային հարկի և եկամտային հարկի փոփոխություններով մոտ 35-40 մլրդ դրամ, որը այս հարկային բեռի ավելացմամբ պետք է, ըստ էության, քաղաքացիների գրպանից վերցնել, առաջարկում ենք այդ գումարը թողնել քաղաքացիների մոտ, հակառակ դեպքում մեր երկրում հաստատված սոցիալական ճգնաժամն ավելի է խորանալու»,- ասաց Ն.Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս