«Եթե այնտեղ լինեին մի երկու հաղթանդամ տղամարդ, ՀՀԿ-ականերից շատերը կվախենային ինչ-որ բան անել». Արմեն Գրիգորյան
«Այնտեղ եթե տղամարդ լիներ, նույն բանն էր լինելու, ես չեմ կարծում, որ այդ հարձակումը տեղի ունեցավ այն պատճառով, որ այնտեղ կանայք էին, հարձակումը տեղի ունեցավ, որովհետև դա իշխանությունների գործիքակազմում է, որովհետև իրենք փորձում էին վրեժխնդիր լինել այն ամենի համար, ինչ նախորդ նիստերում տեղի էր ունեցել»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով օրերս Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին:
Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ, իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանն էլ կարծիք հայտնեց, որ դիտարկել տեղի ունեցածը կանանց նկատմամբ բռնության համատեքստից դուրս՝ անհնար է: Նա ընդգծեց, որ «Երկիր Ծիրանիի» կանանց պարբերաբար նվաստացրել, վիրավորել են հենց կին լինելու պատճառով. «Համատեքստից դուրս հանել տեղի ունեցածը և դիտարկել՝ որպես պարզապես քաշքշուկ՝ շատ խնդրային է: Մենք ապրում են հասարակությունում, որտեղ շատ նորմավորված է դարձել կանանց խտրականացնելը և նրանց նկատմամբ բռնություն գործադրելը: Լինել քաղաքապետ և ասել՝ «սրանց դեմն առեք», սա շատ լուրջ քաղաքական քայլ է»:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ նկատեց, որ օրենքով բռնությունն արգելված է, իսկ քաղաքական ակցիան, որը կատարել են «Երկիր Ծիրանիի» մասնակիցները, որևէ ձևով օրենքով արգելված չէ. «Առաջինը հենց ՀՀԿ-ականներն են օրենքը խախտել ու բռնություն գործադրել: Քաղաքական ակցիան կարող է մարդուն դուր գալ կամ չգալ, դա արդեն երկրորդական հարց է, դա չպետք է քննարկվի, պետք է հենց բռնությունը քննարկվի հենց իշխանության ներկայացուցիչների կողմից: Իշխանության ներկայացուցիչները հաճախ գնում են բռնության, որովհետև իրենց համար դա թույլատրելի է:
Այսինքն՝ եթե իրենք են կատարում բռնություն՝ չի դատապարտվում, եթե ուրիշներն են կատարում՝ դատապարտելի է: «Երկիր Ծիրանիի» անդամների կողմից դա եղել է ռացիոնալ քաղաքական քայլ, այն, ինչ կատարվել է ՀՀԿ-ականների կողմից, դա էր շատ իռացիոնալ: Ես ևս կարծում եմ, որ սա կնոջ հանդեպ բռնություն էր, որովհետև, եթե այնտեղ լինեին մի երկու հաղթանդամ տղամարդ, ՀՀԿ-ականերից շատերը կվախենային ինչ-որ բան անել: Այսինքն՝ չզգալով, որ իրենք կարող են պատասխան ստանալ՝ գնացել են բռնության»: