«Երկու կողմերն էլ իրար արժանի են». Փաստաբանը՝ Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ցանկանում եմ, որ նման դեպքերում մամուլը ոչ միայն լուսաբանի դեպքը, այլև՝ տա դրա գնահատականը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լև գրուպ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Լևոն Բաղդասարյանը՝ խոսելով օրերս Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին:
Ըստ նրա՝ եթե այն, ինչ տեղի ունեցավ, լինի նախադեպային, ապա մենք նման դեպքեր կունենանք խանութներում, դպրոցներում, և այլն. «Մենք Սիցիլիա չենք, մենք ԱՄՆ չենք: Երևանն այսօր համարվում է աշխարհի ամենաանվտանգ և ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Միևնույն ժամանակ՝ մենք ունենք քաղաքային իշխանության շատ դեպքերում՝ անփույթ և փնթի աշխատանքը: Տասնյակ տարիներ քաղաքացիները շնչել են և անցել են կոյուղաջրերի վրայով, որի պատասխանատուն քաղաքային իշխանությունն է:
Նման դեպքում պետք է օրենքով սահմանված կարգով վարչական տույժի ենթարկեին այն պետական լիազոր մարմնին, որն ուղղակի պարտավոր էր, որ այդ կոյուղաջրերը վերացվեին»:
Փաստաբանը նկատեց, որ իրավունքում կա դիմադրության իրավունքը, որը կիրառվում է ամբողջ աշխարհում. «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները որոշակի ագրեսիվ պահվածքով ցանկանում են ձեռքի իրերը շպրտել կամ տալ քաղաքային իշխանությանը: Բնականաբար, կարող էր գործել դիմադրության իրավունքը՝ իր հետևանքներով: Այսինքն՝ պետք է տեղի ունենար այդ քաշքշոցը, ինչը կարող էր նաև այլ կործանարար վիճակի բերել: Նման պայմաններում ես կարծում եմ, որ ոչ իրավաչափ են եղել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների գործողությունները, միևնույն ժամանակ՝ ոչ իրավաչափ են եղել նաև այնտեղ գտնվող անձանց գործողությունները: Երկու կողմերն էլ իրար արժանի են»:
Ըստ Լ. Բաղդասարյանի՝ «Երկիր Ծիրանին» կարող էր գրություն ներկայացնել, հարցը քննարկել ավագանու նիստում, փորձել այդ խնդիրը լուծել. «Դա դիտում եմ՝ որպես PR քայլ, քան՝ քաղաքացու մատից փուշ հանել: Անկախ ամեն ինչից՝ գնդակը գտնվում է քաղաքային իշխանությունների դաշտում, նրանք պետք է հետևություններ անեն՝ ինչպես քաղաքի բարեկարգման հետ կապված հարցերում, այնպես էլ՝ նման դեպքերում»:
168.am-ի հարցին՝ կարո՞ղ եք ավելի հստակ ասել, թե «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների գործողությունները ո՞ր իրավական նորմերով կարելի է ոչ իրավաչափ համարել՝ փաստաբանն այսպես պատասխանեց. «Պատկերացրեք՝ դուք ապարատի փոխարեն՝ կեղտաջուրը տաք նախագահողին: Ի՞նչ եք կարծում՝ իմ ռեակցիան ի՞նչ պետք է լինի: Տարբերակ առաջին՝ պետք է ասեմ՝ նման բան մի արեք, մենք մամլո ասուլիս ենք անում, դուք նորից առաջ եք գալիս:
Իմ գործողությունն ի՞նչ պետք է լինի, պետք է լինի համարժեք ձեր գործողությանը, պետք է ձեզ բռնեմ, հրեմ, որպեսզի այդ կեղտաջուրը չլցնեք նախագահողի վրա: Մարդու մոտ այդ դեպքերում առաջանում է ինքնապաշտպանության իրավունքը, և մարդն ընդունակ է որոշակի գործողություններ կատարել, որ կարող են իրավաչափություն դուրս գալ: Նա կարող էր այդ հարցը ցիվիլ ձևով բարձրացնել, բայց դրա փոխարեն՝ երբ գնում է փողոցային պայքար, կարծում եմ՝ հարիր չէ»:
Մեր ճշտող հարցին՝ այստեղ ո՞ր իրավական նորմն է խախտվել «Երկիր Ծիրանիի» անդամների կողմից՝ Լ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարծում, որ կա մի օրենք, իրավակարգ, որ ավագանու գործառույթներին զուգահեռ՝ նաև այդ կարգի գործողություններ կատարվեն: Ինչ վերաբերում է նրան՝ քրեորեն հետապնդելի՞ արարք է դա, թե՞ ոչ, լիազոր մարմինները կտան դրա գնահատականը»: