Դուբայում անվարորդ օդային տաքսիներ են գործարկելու
Մոտ ապագայում Դուբայի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) խոշորագույն քաղաքի երկնքում կհայտնվի անսովոր տեսակի փոխադրամիջոց՝ ինքնավար (մարդու կողմից չկառավարվող) օդային տաքսի:
Հավակնոտ նախագիծը ներկայացվել է Դուբայում անցկացվող 6-րդ Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում (World Government Summit), որը նվիրված է արդյունավետ պետական կառավարման եւ կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին։
Նոր տեսակի տաքսիի գործարկման նախաձեռնողը դարձել է Դուբայի ճանապարհների եւ տրանսպորտի վարչությունը, որը հրամագործակցության է հրավիրել Volocopter գերմանական ընկերությանը: «Օդային տաքսին կհամապատասխանի անվտանգության եւ հուսալիության բարձր ստանդարտներին»,- հավաստիացրել են վարչության ներկայացուցիչները ՏԱՍՍ-ի թղթակցի հետ կայացած զրույցում:
«Վարումն իրականացվելու է ավտոպիլոտով, որը գործում է GPS-նավիգատորի հիման վրա հատուկ երթուղիների ծրագրավորման համակարգի օգնությամբ: Տաքսիների երթեւեկության հսկողությունն իրականացնելու է գետնի վրա գտնվող օպերատորը»,-հավելել են նրանք:
«Դուբայի օդային տաքսին տրանսպորտի էկոլոգիապես մաքուր տեսակ է, քանի որ այն աշխատելու է էլեկտրականությամբ: Նախագծի համաձայն՝ թռիչքի առավելագույն տեւողությունը չի գերազանցի 30 րոպեն, իսկ առավելագույն արագությունը՝ ժամում 100 կիլոմետրը: Թռիչքի առավելագույն բարձրությունը կկազմի 2 հազար մետր»,-նշվում է շնորհանդեսի նյութերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: