ԱՄՆ-ը մինչև տարեվերջ նավթի հանույթի առաջատարը կդառնա՝ առաջ անցնելով ՌԴ-ից և Սաուդյան Արաբիայից. ԷՄԳ
Էներգետիկայի միջազգային գործակալությունն (ԷՄԳ) սպասում է, որ ԱՄՆ-ը թերթաքարային նավթի արդյունահանման աճի հաշվին կարող է առաջ անցնել մերձավոր մրցակիցներից՝ Ռուսաստանից եւ Սաուդյան Արաբիայից եւ մինչեւ 2018 թվականի վերջն առաջատարը դառնալ արտադրողների շրջանում:
Այս գնահատականը տեղ է գտել գործակալության փետրվարյան հաշվետվության մեջ։ Գործակալության փորձագետների գնահատումների համաձայն, ընդամենը երեք ամսվա ընթացքում՝ նոյեմբերից մինչեւ հունվար, ԱՄՆ-ում նավթի արդյունահանումն աճել է «վիթխարի 846 հազար բարելով եւ կարող է մոտ ապագայում գերազանցել Սաուդյան Արաբիային»:
«Իսկ մինչեւ այս տարվա վերջը ԱՄՆ-ը կարող է առաջ անցնել Ռուսաստանից եւ այդպիսով գլոբալ առաջատարը դառնալ նավթի արտադրության բնագավառում»,- եզրակացրել են ԷՄԳ-ի վերլուծաբանները: Գործակալությունը նաեւ 2018 թվականի նավթի համաշխարհային պահանջարկի մակարդակը բարձրացրել է օրական 100 հազար բարելով՝ մինչեւ 99,2 մլն բարել: 2018 թվականին նավթի պահանջարկի աճը կանխատեսվել է օրական մինչեւ 1,4 մլն բարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: