«Մենք ունենք ավելի նպատակային գործիք, որով խթանում ենք նորեկներին դեպի Արցախի Հանրապետության զինված ուժեր». Արամյան
Միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատելու տրամաբանությունն այն է, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում անձն, իր կամքից անկախ, զրկվում է գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից, ինչպես նաև առհասարակ եկամուտներ ստանալու հնարավորությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծին, որով «Գույքահարկի մասին» գործող օրենքով՝ ծառայության ողջ ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի զինված ուժերում կամ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող անձինք:
Նրա խոսքով, այս տարբերակով ծանրաբեռնում են տեղական ինքնակառավարման մարմիններին, որովհետև գույքահարկը ՏԻՄ-երի համար եկամտի էական աղբյուր է:
«Մենք ունենք ավելի նպատակային գործիք, որով խթանում ենք նորեկներին դեպի Արցախի Հանրապետության զինված ուժեր: Կառավարությունը գույքահարկի արտոնություն տալիս է պարտադիր զինվորական ծառայողներին, ըստ որի՝ պարտադրանքի սկզբունքի ներքո տվյալ անձը զրկվում է իր գույքը տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից:
Բոլոր այն դեպքերում, երբ զինծառայողը կունենա արտադրական ու հասարակական նշանակության գույք և դրանից կստանա եկամուտ, տրամաբանական է, որ եկամտից նա որպես գույքահարկ կվճարի ՏԻՄ-ին»,- ասաց Արամյանը՝ ավելացնելով, որ այդպիսով խթանում են որակյալ սպայական անձնակազմի մուտքը ՀՀ զինված ուժեր:
Դրա համար, ըստ նրա, գույքահարկի արտոնություն է տրվում բոլոր այն անձանց, ովքեր պարտադիր զինվորական ծառայությունից հետո բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունում կուսանեն, կունենան բարձրագույն կրթություն: