Բաժիններ՝

Ինչպես է նախագահ Թրամփը Պուտինի վրա ազդեցության նոր լծակներ ստանում

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակեց իր երկար սպասված հաշվետվությունը` Ռուսաստանի իշխանության ու անձամբ Պուտինի մերձավորների վերաբերյալ, ինչը պահանջվում էր 2017թ. հուլիսին Կոնգրեսի կողմից ընդունված «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու միջոցների մասին» օրինագծով:

Օրինագիծն ավելի շատ հիշեցնում է քաղաքական-ռազմավարական փաստաթուղթ, քան իրավական, որի նպատակն է՝ Թրամփին հարկադրել մնալ ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենթի օրակարգում և թույլ չտալ որևէ քաղաքական մերձեցում Ռուսաստանի հետ:

ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Կոնգրեսին ներկայացված հաշվետվության հրապարակային մասում, որը ներկայացվել է օրենքով սահմանված վերջնաժամկետից 11 րոպե առաջ, ներառված են 210 անուններ` ՌԴ Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, Կառավարության անդամներ, խոշոր կապիտալի ներկայացուցիչներ, որոնց կարողությունը գերազանցում է 1 միլիարդը:

Կոնգրեսում ներկայացված ազդեցիկ կոնգրեսականների, փորձագիտական հանրույթի և ազդեցիկ մեդիա կենտրոնների մոտ այն թողեց ոչ միանշանակ տպավորություն, եղան քննադատություններ, որ այդ ցուցակը կազմված է դիլետանտ և պրիմիտիվ եղանակով, դրանում տեղ են գտել մարդկանց անուններ, որոնք կողմ են ԱՄՆ-ի և, առհասարակ, Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև գործարարներ, որոնց ոչ մի կերպ չի կարելի համարել Պուտինի նեղ շրջապատի և ռուսական կոռուպցիոն բուրգի հիերարխիայի ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ, մեղադրանքներ հնչեցին այն մասին, որ ցուցակի մեջ չեն ներառվել անուններ, որոնք շատ ավելի կարևոր գործառույթ են իրականացնում Ռուսաստանի կառավարող ռեժիմի ներսում և ավելի արժանի են հայտնվելու այդ ցուցակում:

Հաշվետվությունը ենթարկվեց քննադատության նաև այն մասով, որ այն կազմված չէ բավարար պրոֆեսիոնալիզմով և չունի թիրախային հասցեագրում: Ստեղծվում է տպավորություն, որ Թրամփի աշխատակազմը Կոնգրեսին է ներկայացնում Կրեմլի հեռախոսագրքում և ռուսական «Ֆորբսում» ներառված անուններ և ասում՝ «վերցրու բոլորը և ընտրիր՝ ում կցանկանաս»:

Թրամփի համար այս ոչ բարենպաստ իրավիճակում առաջ եկավ ևս մեկ սկանդալ, որն ամպրոպի էֆեկտ առաջացրեց ԱՄՆ ներքին քաղաքական կյանքում: Հեղինակավոր Atlantic Council-ը հայտարարեց, որ Ֆինանսների նախարարությունը վերջին պահին փոխել է իրենց կողմից պատրաստված փաստաթուղթը և Կոնգրեսին է ներկայացրել բոլորովին այլ ցուցակ, քան պատրաստված էր Սպիտակ տան փորձագիտական կենտրոնների կողմից: Սակայն սա առավել նշանակալի իրադարձություն է ԱՄՆ-ի ներքին քաղաքական կյանքում և քիչ ազդեցություն կունենա Ռուսաստանի պոստ-սանկցիոն իրականության վրա:

Ռուսաստանում արձագանքը հակասական էր: «Կրեմլյան ցուցակի» հրապարակումն արտաքուստ սարկազմով ընդունվեց Ռուսաստանի իշխող քաղաքական էլիտայի կողմից, որոնք ծաղրի ենթարկեցին ԱՄՆ նախագահի աշխատակազմին` ցուցակի պարզունակության և պրիմիտիվության համար: Սակայն խորապես համոզված եմ, որ արտաքուստ ներկայացվող հանգստությունն ուղղված է ներքին լսարանին` հատկապես՝ իշխող էլիտային, որի նպատակն է՝ ցույց տալ, որ այս երկար սպասված և քննարկված ցուցակը ոչ մի վտանգ չի ներկայացնում իշխանության, և անձամբ Պուտինի համար` դրանով իսկ պահպանելով բուրգի ամրությունն ու համակարգի հանգստությունը: Մինչդեռ իրերի իրական դրությունն արտահայտեց ՌԴ Նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը` մեղադրելով ԱՄՆ-ին ՌԴ Նախագահի ընտրություններին միջամտելու մեջ:

Հրապարակված փաստաթղթի էությունը կայանում է նրանում, որ ցուցակում ներառված է Ռուսաստանի ամբողջ քաղաքական և տնտեսական էլիտան, սակայն կարևոր հանգամանք է այն, որ ցուցակում լինելը դեռ չի նշանակում՝ ավտոմատ կերպով հայտնվել պատժամիջոցների տակ: Տպավորություն է ստեղծվում, որ գործընթացի ճարտարապետները նպատակ են ունեցել տագնապ հնչեցնել և զգուշացնել այդ մարդկանց սպասվող «աղետի» մասին և տալ ժամանակ՝ գործուն քայլեր ձեռնարկել պատժամիջոցներից խուսափելու համար: Իսկ ի՞նչ քայլեր կարող են անել ցուցակում ընդգրկված գործարարները, կամ ինչո՞ւ պետք է ինչ-որ բան անեն առհասարակ:

«Կրեմլյան ցուցակում» ընդգրկված գործարարների մեծ մասն ունեն երկքաղաքացիություն, որոշ դեպքերում՝ նաև երեք քաղաքացիություն, ինչը ենթադրում է, որ տարիների ընթացքում կուտակված հարստությունը Ռուսաստանից արտահանվել է այլ պետություններ կամ օֆշորային գոտիներ, իսկ ըստ տարբեր աղբյուրների՝ կապիտալի արտահոսքը Ռուսաստանից վերջին 22 տարիներին կազմել է շուրջ 700 միլիարդ ԱՄՆ դոլար: Նաև պետք է փաստել, որ այդ գործարարների զգալի մասը Ռուսաստանի հարկային ռեզիդենտ չեն հանդիսանում, քանի որ Ռուսաստանում չեն բնակվում տարվա ընթացքում 6 ամսից ավելի, ինչը նույնպես անուղղակի ապացուցում է այն պնդումը, որ նրանք, բնակվելով արտերկրում, հատկապես՝ ԱՄՆ-ում և ԵՄ անդամ-պետություններում, արդեն հաստատել են ամուր բիզնես կապեր արևմտյան խոշոր ընկերությունների հետ, մասնակցել խոշոր ներդրումային ծրագրերի մեջ, ձեռք բերել թանկարժեք անշարժ և շարժական գույն, բացել և սպասարկել հաշիվներ արևմտյան բանկերում, ստացել էժան և երկարաժամկետ վարկեր:

Այս իրողությունների ներքո ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից կրեմլյան «սև ցուցակում» հայտնվելուց հետո այս գործարարները կանգնում են ընտրություն կատարելու դժվար խնդրի առջև. հավատարիմ մնալ Ռուսաստանի կառավարող ռեժիմին, և պատժամիջոցների տակ ընկնելու արդյունքում՝ կորցնել տարիների ընթացքում կուտակած հարստությունը, կամ ԱՄՆ լոբբիստական կազմակերպությունների միջոցով փորձել ապահովագրել իրենց և իրենց կապիտալը սպասվող պատժամիջոցներից` հեռանալով Ռուսաստանից և իրենց հետ տանելով այն, ինչ հնարավոր է:

Առաջին տարբերակը բիզնես առումով ձեռնտու համարել չի կարելի, քանի որ հնարավոր կորուստն անհամեմատելի է ակնկալվող կամ խոստացվող ձեռքբերումների հետ` ինչպես՝ առկա տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական իրադրության պայմաններում: Հետևաբար՝ մեծ հավանականությամբ, գործարարների գերակշիռ մեծամասնությունը կնախընտրի առաջին տարբերակը` պահպանել տարիների ընթացքում կուտակած հարստությունն ու գործարար կապերն ու շփումները և հեռանալ Ռուսաստանից: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ գործարարներն իրենց կապիտալը մեծամասամբ կուտակել են պետության հետ սերտաճած լինելով` օգտվելով պետական ֆինանսավորման խողովակներից կամ պետության տնօրինման տակ գտնվող բնական ռեսուրսներից, ինչը նշանակում է, որ նրանք տիրապետում են ԱՄՆ-ի համար մեծ կարևորություն ներկայացնող տեղեկատվության՝ Ռուսաստանում ձևավորված կոռուպցիոն բուրգի առանձնահատկությունների և կիրառվող սխեմաների վերաբերյալ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարելի լուրջ հավանականությամբ արձանագրել, որ ԱՄՆ լոբբիստական կազմակերպություններն առաջիկա ամիսներին կաշխատեն մեծ ծանրաբեռնվածությամբ, իսկ դաշնային հետաքննության մարմինների տնօրինման տակ կհայտնվեն Պուտինի վարչակազմի համար խիստ վտանգավոր տեղեկատվություն և կոմպրոմատների նոր թղթապանակներ:

Հաշվի առնելով վերը նշվածը, Թրամփի ադմինիստրացիայի ձեռքում հայտնվել է Ռուսաստանի քաղաքական և տնտեսական էլիտայի վրա ներազդելու լրջագույն լծակ, ինչը, արդյունավետ օգտագործելու դեպքում՝ ունակ է խարխլել Պուտինի կառուցած մոնոլիտ բուրգը և անվստահություն սերմանել իշխող էլիտայի մեջ: Իսկ եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում Նախագահական ընտրություններից անմիջապես առաջ, ապա պարզ կդառնա, որ գործընթացը Ռուսաստանի իշխող վարչակազմի համար ձեռք է բերում եռակի ավելի վտանգավորություն: Ըստ երևույթին, այս մասին էր ակնարկում ՌԴ Նախագահի մամուլի խոսնակը` անուղղակիորեն մեղադրելով ԱՄՆ-ին ՌԴ նախագահի ընտրություններին միջամտելու մեջ:

Արթուր Ղազինյան, American Thinker
04 փետրվար, 2018թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս