«Նժդեհի անունը նացիզմի հետ կապողները Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգով են զբաղվում». Տիգրան Քոչարյան
Գարեգին Նժդեհի անունը նացիզմի հետ կապելու հիմքում կանգնած են ադրբեջանամետ «Իզբորյան» խմբավորման մարդիկ՝ Մաքսիմ Շևչենկոն, Սերգեյ Մարկովը՝ հասարակական, քաղաքական գործիչ Ալեքսանդր Պրոխանովի գլխավորությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։
Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման առաջարկը, որ հնչում է Ռուսաստանում, մեծ իրարանցում է առաջացրել նաև Հայաստանում։ Քոչարյանը նկատեց, որ վերջին երկու-երեք տարիների ընթացքում այս հարցը ֆինանսավորում է ստացել «Հեյդար Ալիևի» հիմնադրամի կողմից։
«Ապամոնտաժման հարցը ՌԴ-ում բարձրացնում են Ադրբեջանի կողմից գնված փորձագետները։ Նախկինում մեր հասարակությունը սովորել էր Ադրբեջանի սադրանքներին չենթարկվել, բայց հիմա կրկին սկսել է խայծը կուլ տալ։ Նժդեհի անունը նացիզմի հետ կապելը դրա վառ ապացույցն է։ Ե՛վ Շևչենկոն, և՛ Մարկովը այս պահին Ռուսաստանում ազդեցություն գործելու հնարավորություն չունեն։ Նրանք այն մարդիկ են, ովքեր ռուսական քաղաքական ու մեդիա ոլորտներում զբաղված են ադրբեջանական լոբբինգով։ Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին խոսող ռուս փորձագետների ետևում Ադրբեջանն է, և բոլոր թելերը տանում են դեպի Պրոխանով, ով այդ երկրի դրածոն է։ Այս մարդկանց միջոցով Ադրբեջանն անընդհատ փորձում է լարել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները»,- ընդգծեց տեղեկատվական անվտանգության փորձագետը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փոխել է խաղի կանոնները և սովորել է ոչ թե բռի ձևով աշխատել, այլ խորամանկ ձևով։ Հանրագիրը գրվել է ընդհանուր այն երկրների վերաբերյալ, որտեղ եղել են մարդիկ, ովքեր առնչվել են հիտլերյան գաղափարախոսության հետ։ Ռուսաստանում ստորագրահավաքի համար տեքստը գրել է Ալեքսանդր Փերենջիևը, ով Նժդեհի անունը և Հայաստանը հիշատակել է ընդհանուր տեքստի վերջին հատվածներում։
«Ադրբեջանը հասնում է իր նպատակին, քանի որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր տրվում են սադրանքներին և ադրբեջանական քարոզչությունն անվճար, ինքնակամ մտցնում հայկական դաշտ»,- շեշտեց Տիգրան Քոչարյանը։
Որոշ ռուսական կայքեր հաղորդում են, որ մի հանրագիր է ստեղծվել, որի միջոցով ստորագրություններ են հավաքվում ընդդեմ ֆաշիզմի հերոսացման։ Այնտեղ խոսքը գնում է նաև Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին, և հանրագիրն արդեն իսկ ստորագրել է 200 հազար մարդ։