Հայաստանն ընդդեմ արտաքին քարոզչության

Ներածություն

ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնը համարում էր, որ քարոզչության համար ներդրված 1 դոլարն ավելի արժեքավոր է, քան ռազմական համակարգ ստեղծելու վրա ներդրված 10 դոլարը, քանզի վերջինիս օգտագործման քիչ հավանականություն կա, մինչդեռ քարոզչական տեղեկատվությունն աշխատում է ամեն ժամ և ամեն տեղ:

 Քարոզչությունը քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկն է և ընկած է բազմաթիվ քաղաքական իրադարձությունների հիմքում: Ըստ երևույթին, աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային դերակատարում ունեցող պետությունները, ի տարբերություն չեզոք կամ թելադրվող պետությունների, իրենց կարգավիճակի պահպանմանը և ամրապնդմանն ուղղված որևէ նախաձեռնությամբ հանդես գալու ցանկության դեպքում որոշակի հետաքրքրությունների և նպատակների քողարկման կարիք են ունենում, որտեղ էլ օգնության է գալիս քարոզչությունը:

Այսօր տեղեկատվական հասարակությունում գաղափարական զենքի օգտագործումը չափազանց վտանգավոր է դարձել: Այն մարդկային գիտակցությանը հասնելու և խոցելու ամենամեծ շանսերն ունի, որի՝ հետագայում նախնական վիճակի բերելը բավական դժվար է: Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս բազմաթիվ կազմակերպություններ, ժողովուրդներ, պետություններ իրենց քաղաքականությունն իրականացնելիս ընդունում են որոշումներ, որոնց հիմքում ընկած է բոլորովին այլ կողմի քարոզչամեքենայի աշխատանքը:

Տարբեր պետությունների խաղաղ գոյակցությանը խանգարել կարող է այն, որ յուրաքանչյուր ժողովրդի մեջ սեփական քարոզչության արդյունքում արդեն իսկ ձևավորվել են որոշակի պատկերացումներ այլ ժողովուրդների մասին, այդ պատկերացումների հիմքի վրա էլ կառուցվում է ցանկացած պետության քաղաքական կուրսը: Դեռևս Սառը պատերազմի ժամանակաշրջանում ամերիկացի մասնագետները նշել են, որ «Քարոզչությունը գործնականում դատապարտված է ձախողման, եթե այն արտաքնապես նման է պրոպագանդայի»:

Ոչ մի պետություն ապահովագրված չէ քարոզչական ոտնձգություններից, որոնք տվյալ պետության հանդեպ վարած քաղաքականության շարունակությունն են: Այն, որ ՀՀ-ն աչքի չի ընկնում ակտիվ նախաձեռնող քաղաքականությամբ, այլ բավարարվում է հակազդման (ռեակտիվ), պարփակված, չեզոք քաղաքականությամբ, բավականին հեշտացնում է թիրախավորող կողմի գործը, ինչի արդյունքում հասարակությունը գտնվում է ապատեղեկատվության մեջ:

2017թ. աշնանը Հայաստան-ԵՄ հարաբերություններում նոր զարգացումների հետ կապված, մասնավորապես՝ նոյեմբերի 24-ին ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) բովանդակության շուրջ բավական ակտիվ գործունեություն էին ծավալում ռուսական լրատվական ծառայությունները: Վերջիններս, իրենց քարոզչության գաղափարական հիմք ընդունելով այնպիսի լոզունգներ, ինչպիսիք են՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, Ռուսաստանի՝ ՀՀ-ի ամենամոտ դաշնակիցը համարվելու փաստը և եվրոպական «այլասերված» արժեքների՝ հայկական ավանդույթներին իբրև թե անհարիր լինելը, ձգտում էին հասարակության աչքերում անվանարկել ԵՄ-ին և դրանով իսկ չեզոքացնել Հայաստանի հետագա տնտեսական զարգացման ու ժողովրդարացման համար այլընտրանք ստեղծող զարգացումները:

Անհրաժեշտ հասարակական կարծիք ձևավորելու համար որպես հիմնական և ամենահարմար քարոզչական թիրախ ընտրվեցին «Մեծամորի ատոմակայանի փակումը», «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքը», «ԼԳԲՏ-ի քարոզը», «սպասվող գեյ և ինցեստ շքերթները» (թեպետ թվարկվածները, բացի առաջինից, բացարձակապես հիշատակված չէին ՀԸԳՀ-ում), որոնց շուրջ բավական բուռն արձագանքներ եղան ծավալված քննարկումների շնորհիվ:

Նախ անդրադառնանք Մեծամորի ատոմակայանի փակման շուրջ կատարված դատողություններին և ծավալված քննարկումներին: Ըստ որոշ լրատվական գործակալությունների՝ ԵՄ-ը պարտադրում է փակել ատոմակայանը՝ արդյունքում  աղետալի հետևանքներով սպառնալիք ստեղծելով Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության համար:

Այս թեմայի շուրջ առկա վերաբերմունքի մասին կարելի է պատկերացում կազմել Sputnik, Regnum, Vestikvkaza և այլ աղբյուրների հրապարակած հոդվածների վերնագրերից, ինչպիսիք են՝ «ԵՄ-ի հետ համաձայնագիրը`Հայաստանի անվտանգության սպառնալիք. Երևանը կզրկվի՞ ատոմակայանից», «Աղմուկ` ատոմակայանի շուրջ. Հայաստանը չի դիմանա նոր մութ ու ցուրտ տարիներին», «ԱԷԿ-ի սպանությունը. ԵՄ-ը Հայաստանը դարձնում է Թուրքիայի և Ադրբեջանի պատանդը», «Հայկական ԱԷԿ-ի ԵՄ դատավճիռը»:

Նման քարոզչական նյութերը, ըստ էության, կոչված էին խնդրից անտեղյակ քաղաքացու մոտ Հայաստանի էներգետիկ անկախության կապակցությամբ մտահոգիչ և տագնապալի պատկեր ձևավորել, այն է՝ ատոմակայանի փակումը կարող է հանգեցնել երկրի՝ Թուրքիայի և Ադրբեջանի պատանդը դառնալուն: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է:

Մինչև այս համաձայնագիրն ու դրանում Մեծամորի ատոմակայանի փակման և ապամոնտաժման դրույթների ներառումը, դեռևս 2008թ. նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հանդես էր եկել դրա փակման մեկնարկի մասին հայտարարությամբ, իսկ 2011թ. էլ ՀՀ կառավարությունը հայտարարեց էներգետիկ հսկայի փակման մասին՝ դրա ժամկետ նշելով 2016թ.: Սակայն 2014թ. ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու մասին որոշում ընդունվեց:

Այսպիսով Մեծամորի ատոմակայանը, որն ապահովում է ՀՀ բնակչության սպառած էլեկտրաէներգիայի 40%-ը, և որի գործողության ժամկետը քանիցս երկարաձգվել է, հասկանալիորեն, չի կարող հավերժ գործել: Ըստ այդմ, ԵՄ-Հայաստան համաձայնագրում հստակորեն նշված  է գործողությունների ծրագրի մասին, որը նախատեսում է եվրոպական աջակցություն Մեծամորի ատոմակայանի փակման բարդ գործընթացում՝ հընթացս ստեղծելով էներգետիկ անվտանգության չափանիշներին բավարարող նոր համարժեք կարողություններ, որոնք տեսականորեն կարող են լինել ինչպես այլընտրանքային/վերականգնվող, այնպես էլ միջուկային էներգետիկայի բնագավառում:

Այս պարագայում հասկանալի է, որ բացառվում է երկրի անվտանգությանն ու ինքնիշխանությանն ուղղված որևէ սպառնալիքի հարուցում, և դեռ ավելին՝ ԵՄ-ը պարտավորություն է ստանձնում աջակցել հին ատոմակայանի փակմանը և դրա արդյունքում առաջացող էներգետիկ պակասորդի փոխարինման գործին: Իսկ թե նոր կարողությունները կլինեն միջուկային էներգետիկայի, թե էներգաստեղծման այլ բնագավառում, որոշում կայացնողը Հայաստանը կլինի:

Արտաքին քարոզչության տեսանկյունից հակաեվրոպական տրամադրություններ ստեղծելու ընտրված հարմար թիրախներից է հայ ազգի՝ «որպես ավանդական և բարձր արժեքներ կրող հասարակություն լինելը» և ճիշտ հակառակը՝ Հայաստանում տարբեր փոքրամասնություններին պաշտպանող Եվրոպայի ներկայացումը որպես «ոչ ավանդական և անբարո արժեքներ դավանող» հանրություն: Նման անհեթեթ հակադրության վրա կառուցված հայտնի քարոզչությունն օգտագործվում է հասարակական ցանկալի կարծիք ձևավորելու նպատակով:

Դրա արդյունքում ոչ իրազեկ քաղաքացիների շրջանում արդեն իսկ կարծիք կա այն մասին, թե Արևմուտքը նպատակ ունի իր քաղաքականությունների միջոցով քանդել միատարր և միասնական հայկական հասարակությունը՝ նրա վրա ձեռք բերելով մեծ ազդեցություն: Թեպետ ցանկացած ժողովրդավար պետության, այդ թվում Հայաստանի Սահմանադրության մեջ ամրագրված են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու, մարդկանց հանդեպ հավասար վերաբերմունք դրսևորելու դրույթները, որոնք բացառում են ցանկացած առանձնահատկություն ունեցող սոցիալական խմբերի հանդեպ խտրական վերաբերմունքը, առավել ևս՝ բռնությունը:

«Հայաստանին ինցեստ-շքերթներ են սպասվում, կամ ո՞ւր կտանի ԼԳԲՏ-ի քարոզը» հոդվածը, որը վկայակոչված քարոզչության լավագույն օրինակներից է, ըստ երևույթին նույնպես միտված է հայաստանյան լսարանի շրջանակներում Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանն ազգային զգացմունքների հողի վրա հնարավորինս խոչընդոտելուն: Մինչդեռ ծանոթանալով դրա բովանդակությանը՝ կարելի է տեսնել, որ վերնագրից անմիջապես հետո քննարկվող նյութում թեման փոխվում է՝ կենտրոնանալով ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի քննադատության վրա՝ որպես հետևանք նշելով երեխաներին ընտանիքներից զրկելու, ծնողներին ծնողական իրավունքից զրկելու և այլ ռիսկեր:

Նշված հոդվածի քարոզչական բովանդակությունը և կիրառված մանիպուլյացիոն հնարքը բացահայտելու նպատակով անդրադառնանք ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածին և ՀՀ կառավարության թիվ 631 որոշմանը: Հիշյալ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված է, թե որ դեպքերում ծնողները կարող են զրկվել իրենց ծնողական իրավունքներից. մասնավորապես, ծնողները կարող են զրկվել իրենց ծնողական իրավունքներից, եթե դաժանաբար են վարվում երեխայի հետ, ենթարկում են ֆիզիկական կամ հոգեկան բռնության կամ սեռական ոտնձգության և այլն։

59-րդ հոդվածին լրացնելու է գալիս թիվ 631 որոշումը, ըստ որի՝ ընտանիքում բռնության առկայության դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրավունք ունեն երեխային օտարել ընտանիքից կամ նախաձեռնել բռնություն գործադրող ծնողին ծնողական իրավունքներից դատական կարգով զրկելու գործընթաց։ Այդպիսով, «Նրանք ուզում են երեխային խլել ընտանիքից կամ Հայաստանը քաղաքացիական պատերազմի եզրին» տագնապ արտահայտող հոդվածը հեռու է իրականությունից և շատ մոտ է մարդկային զգացմունքներն իր աշխարհաքաղաքական շահերին/ուղղվածությանը ծառայեցնելուն:

Քաղաքական քարոզչության ասպարեզում նորություն չէ, որ ցանկացած ժողովուրդ այլոց վերաբերյալ ունի մեր օրեր հասած այս կամ այն բովանդակության որոշակի պատկերացումներ, որոնք, հաջողությամբ պրոյեկտելով թիրախավորող կողմին նպատակահարմար որևէ իրողության, երևույթի, իրադարձության խորապատկերին, կարելի է ստանալ ցանկալի արդյունք՝ այդպիսով հասարակության կարծիքը համապատասխանեցնելով սեփական նախաձեռնությանը և ձախողելով հակառակորդ կողմի որևէ նախաձեռնություն:

Ասվածի վառ օրինակ է այն, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև ստորագրված պայմանագրի մասին պաշտոնական Մոսկվան ինչ-ինչ հանգամանքներից դրդված չէր կարող ուղղակիորեն դեմ արտահայտվել, փոխարենը մի շարք լրատվական ծառայություններ, վերլուծաբաններ, պաշտոնյաներ շարունակեցին քննադատել Հայաստանի քայլը՝ այն ներկայացնելով որպես դավաճանություն և ապտակ Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը: Հակահայկական բովանդակությամբ քննադատություններ հնչեցվեցին «Место встречи» հաղորդման շրջանակներում, որոնցից, ընդհանուր առմամբ, կարելի է պատկերացում կազմել Հայաստան-ԵՄ համաձայնագրի նկատմամբ ռուսական ոչ պաշտոնական դիրքորոշման մասին: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքներից առավել ուշագրավ էր Հայաստանի համեմատությունը որպես «Ռուսաստանի փոքրիկ սիրուհի», որին գայթակղեցին եվրոպացիները:

Թերևս երեսպաշտության դրսևորում է այն, որ մեր տարածաշրջանում ռազմավարական դաշնակից և բարեկամ համարվող Ռուսաստանը դավաճանություն չի համարում Հայաստանի հակառակորդին՝ Ադրբեջանին, հարձակողական տիպի զինատեսակներ վաճառելը, որը դարձավ քառօրյա պատերազմի գլխավոր պատճառներից մեկը, մինչդեռ ռուս փորձագետներն են լրատվամիջոցներով քննադատում ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրման Հայաստանի քայլը:

Հարկ է ընդգծել, որ ԵՄ-Հայաստան համաձայնագրում ԵՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ կանխատեսելի և հնարավոր շահերի բախումը բացառելու նպատակով դրանում բացառվել էին նախկին՝ Ասոցացման համաձայնագրի որոշ առանցքային հանգամանքներ, ինչպիսին էր ԵՄ-ի և Հայաստանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծումը: Հետևաբար տնտեսական շահերի առումով Հայաստան-ԵՄ համաձայնագրի կապակցութամբ Ռուսաստանը մտահոգության պատճառ առանձնապես չպետք է ունենար:

Իհարկե, հասկանալի է Ռուսաստանի անհանգստությունը, քանի որ արդեն առկա է Ուկրաինայի դիպաշարը, թեպետ ԵՄ քաղաքականությանը հետևող ռուս փորձագետները պետք է քաջ իմանային Ուկրաինա-ԵՄ և Հայաստան-ԵՄ համաձայնագրերի էական տարբերությունը: Այդուհանդերձ, դա չխանգարեց, որպեսզի «Место встречи» հաղորդման շրջանակում, և թե առհասարակ, ռուսական մամուլում տեղ գտած համեմատություններում, ռուս մի շարք գործիչների ելույթներում ու կարծիքներում ի ցույց դրվի ռուսական կողմի պատկերացումը Ռուսաստանից Հայաստանի կախվածության մասին՝ վերջինիս վերագրելով «փոքրիկ և անհավատարիմ սիրուհու» դերակատարումը:

Առավել մտահոգիչ է այն, որ այդպիսի հրապարակային դրսևորումներում չի նկատվում Հայաստանի ազգային և պետական մտածողությունը հարգելու նրբանկատության կամ զգուշավորության որևէ նշույլ:

Ի վերջո, ինչպիսի անհանգստության մասին կարող է խոսք լինել, երբ մի պետության պաշտպանական, էներգետիկ և այլ ոլորտների վերահսկողությունը, մեծ հաշվով, գտնվի մեկ այլ պետության ձեռքում: Հաշվի առնելով այդ փաստը՝ լիովին հասկանալի է դառնում վերը նշված հրապարակումների լկտիության հասնող անզգուշությունը: Իսկ ինչ վերաբերվում է պետական մտածողությանը, ապա կարելի է ասել, որ դեռևս չկա սահմանազատում քաղաքական և զգացմունքային ընկալումների միջև, ինչը կարող է հանդիսանալ խանգարող հանգամանք պետական շահի՝ որպես առաջնահերթություն ընկալման համար:

Ռուսաստանի կողմից տարիներ շարունակ Ադրբեջանին սպառազինելու կապակցությամբ հատկապես 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանում թափ հավաքած քննադատություններին ի պատասխան Ռուսաստանում սկսեցին «ավելի հաճախ նկատել» Երևանի  կենտրոնում կանգնեցված Գարեգին Նժդեհի արձանը որպես «ֆաշիզմի հերոսացում» կամ ինչպես լրատվամիջոցները ներկայացրեցին՝ Հայաստանի դեմարշն ընդդեմ Ռուսաստանի:

Ըստ որում, եթե անգամ սկզբնական շրջանում այդ շարժման առաջնորդները Բաքվի ռուս լոբբիստներն էին, ովքեր վճարվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ապա հետագայում շրջանակն ավելի ընդլայնվեց:

Ռուս փորձագիտական, լրատվական ու անգամ պաշտոնական շրջանակներում Նժդեհի արձանի մասին սկսեցին հիշել Հայաստանի համար քաղաքականապես կարևոր ժամանակահատվածներում, որոնցից մեկը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման շրջանն էր:

Մասնավորապես, համաձայնագրի նախաստորագրման նախաշեմին (նոյեմբերի սկիզբ) Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավորները հայտարարեցին, թե փորձագետների հետ պատրաստվում են աշխատանքային խումբ ստեղծել «ֆաշիզմի հերոսացման համար» ընդդեմ Ուկրաինայի, Հայաստանի, Լատվիայի և Էստոնիայի՝ ՄԱԿ հայց ներկայացնելու նպատակով, իսկ Ռուսաստանում ու աշխարհով մեկ համացանցային ստորագրահավաք նախաձեռնվեց Երևանում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջով:

Այս թեմայով Ռուսաստանի քաղաքական, լրատվական ու փորձագիտական շրջանակներում Նժդեհի արձանով ամենավերջին դրսևորումը բացարձակապես 2018թ. հունվարի վերջին էր, երբ ռուսաստանյան լրատվամիջոցներն ազդարարեցին, թե Պետական Դումայով տեղի է ունեցել «Ֆաշիզմի հերոսացման ու նեոնացիզմի վերածննդի դեմ պայքար» օրենսդրական անվանումով կլոր սեղան, որի մասնակիցները հայտարարել են Երևանում տեղադրված Նժդեհի արձանը հանելու անհրաժեշտության ու այդ կապակցությամբ 200.000 ստորագրություն հավաքած լինելու մասին):

«Փորձագիտական մակարդակում ծնված» ու «պաշտոնականի վերածվել սպառնացող» այս թեման առաջիկայում էլ զարգացումներ կունենա, որի համատեքստում Ռուսաստանի ինչ-ինչ շրջանակներ փորձում են նման քարոզչությամբ ահաբեկել Հայաստանին ու նրա շուրջ իբրև “նացիզմի վերածննդի” իմիջ ձևավորել:

Ամփոփելով վերը նկարագրված օրինակները՝ նկատենք, որ յուրաքանչյուր պետության առաջնահերթությունն իր ազգային անվտանգության ապահովումն է: Հայաստանի դեպքում առաջնահերթությունն աճող ռուսական ազդեցության վերացումն է, տնտեսական և այլ ոլորտների անկախացումը, այժմ նաև՝ արտաքին քաղաքական քարոզչությունից պաշտպանվելը:

Այս դեպքում ԵՄ-ի հետ շրջանակային պայմանագիրն ունի համակարգային փոփոխությունների իրականացման համար հող ստեղծող նշանակություն, մանավանդ որ միայն Հայաստանը չէ, որ բախվում է արտաքին քաղաքական, տվյալ դեպքում ռուսական ագրեսիվ քարոզչության: Վաղն արտաքին քարոզչական սպառնալիք կարող է լինել ցանկացած այլ երկրից:

Նկատենք, որ առկա հայաստանյան քաղաքական համակարգն անշեղորեն սպասարկում է ռուսական քաղաքական համակարգը: Այսպիսով հայաստանյան իրականությունում ցանկացած փոփոխություն դիտվում է ռուսական քաղաքական շահերին հակասող, անգամ արժեհամակարգային համարվող փոփոխություն՝ այն ծառայելով որպես լծակ հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունենալու նպատակով:

Անուշավան Մանուկյան
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող
ՄԱՀՀԻ ժողովրդավարության IX դպրոցի շրջանավարտ

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Տեսանյութեր

Լրահոս