Անկախության տարիներին Հայաստանը փյունիկի նման վերածնվեց Խորհրդային Միության ավերակների տակից. Արմեն Սարգսյան
Հայաստանի անկախության վերջին 26 տարիներին գնահատական տալու համար դեռևս վաղաժամ է, քանի որ իրական պատկերը նկատելի կարող են լինել 50-100 տարվա հեռավորությունից: «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հունվարի 30-ին ասաց ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ ճանապարհ է անցել Հայաստանն այն երկու տասնամյակների ընթացքում՝ սկսած 1997թ-ից, երբ Սարգսյանը թողեց ՀՀ վարչապետի պաշտոնը:
«Իմ վարչապետությունից արդեն 20 տարի է անցել, բայց ընդամենը 26 տարի՝ ՀՀ անկախությունից: Կարծում եմ՝ վաղաժամ է այսօր գնահատական տալն անկախության 26 տարիներին: Միակ հնարավոր ձևը՝ փորձել հեռանալ այսօրվա իրականությունից ու դատել 50-100 տարվա հեռավորությունից՝ հետ նայելով: Իհարկե, գնահատական տալու համար մենք չենք կարող վերցնել Հայաստանի Հանրապետությունն առանձին, որովհետեւ Հայաստանը մաս է կազմում համաշխարհային գլոբալ պրոցեսների ու իրականությանը: Գուցե Հանրապետության մասին մտածելուց, գնահատական տալուց առաջ հիշենք, թե ինչպիսին էր աշխարհը այս 26 տարիների ընթացքում»,- նշեց Սարգսյանը:
Նա հիշեցրեց՝ ընդամենը 30 տարվա ընթացքում միաբևեռ աշխարհը դարձավ բազմաբևեռ, հավասարակշիռ վիճակում գտնվող տարածաշրջանները գնացին դեպի ավելի անկայուն իրավիճակի, գլոբալիզացիան հասավ հսկայական մակարդակի և, ի վերջո, համաշխարհային բանկային, ֆինանսական համակարգում առաջացավ հսկայական ֆինանսական ու տնտեսական ճգնաժամ:
«Այսինքն, 30 տարվա ընթացքում աշխարհը շատ բուռն զարգացում է ապրել: Հիմա փորձենք 100 տարվա հեռավորությունից դիտել Հայաստանը: Եթե այդ հեռավորությունից դիտենք, հեռանանք անհատներից, կազմակերպություններից, կուսակցություններից, և մնա զուտ այն, ինչի հասել ենք, հավանաբար 100 տարվա հեռավորությունից կտեսնենք, որ ունեինք մի փոքր հանրապետություն, մի փոքրիկ երկիր, որի՝ 700 տարվա անկախությունը կորցրած ազգը վերագտել էր իրեն: Հանրապետություն, որ իր անկախության առաջին տարիներից սկսած շատ դժվար պայմաններում էր զարգացել՝ Արցախի համար ազատամարտ, իրականում՝ պատերազմ, ողբերգական երկրաշարժ, որի հետևանքները մինչև այսօր Հայաստանում փորձում ենք հաղթահարել, շրջափակում, տնտեսական հսկայական դժվարություններ, որովհետև երկիրը պետք է անցում կատարեր կենտրոնացված կոմունիստական համակարգից դեպի ազատ շուկայական հարաբերություններ: Երկիր, որ պետք է զրոյից կառուցեր իր պետական կառույցները, համակարգը, ինչն ինքնին հսկայական խնդիր էր: Կարելի է մի փոքր գեղարվեստականորեն ձևակերպել, որ փոքրիկ Հայաստանը փյունիկի նման պետք է վերածնվեր Խորհրդային Միության ավերակների տակից»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:
Նա հիշեց՝ վերջին տարիներին զրույցներ է ունեցել գերմանացի հայտնի քաղաքական գործիչների հետ, ովքեր բողոքում էին, թե որքան դժվար է եղել Արևելյան Գերմանիայի միացումն Արևմտյան Գերմանիային. Հարյուրավոր միլիարդ եվրոների սպառում, ներդրում, բայց միևնույն է, նրանք համարում են, որ չեն հասել իրենց նպատակին և ինտեգրումը դեռևս շարունակվում է:
«Փոքրիկ Հայաստանում հարյուրավոր միլիարդներ ոչ ոք չէր ներդնում, և Հայաստանի ժողովուրդը ծանր պայմաններում 26 տարվա անկախությունից հետո հասել է բազմաթիվ հաջողությունների: Ունեցել ենք բազմաթիվ հաջողություններ, հաղթանակներ, դժվարություններ, անհաջողություններ, փոքրիկ պարտություններ: Հպարտ ենք հաջողություններով և հաղթանակներով: Եթե վերցնեմ 100 տարվա հեռավորությունից, կարող եմ ասել, որ լինելով հայ, կարող եմ հպարտ լինել, որ այս դժվար պայմաններում մեր ժողովուրդը կարողացել է իսկապես փյունիկի նման հառնել ու վերականգնել իր պետականությունը»,- եզրափակեց նա: