Ի՞նչն է գրավում Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում
ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվող Արմեն Սարգսյանի և ԱԺ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների հանդիպումն անցել է շատ անմիջական, և ամրապնդվել է առաջադրվելու հակվածությունը: Նման բնորոշում այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ նրա` Արմեն Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է իր տեսլականը, որ պատկերացնում է երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, նախագահի լիազորությունների իրականացման բոլոր խնդիրները:
«Մեր պահանջները շատ են նրանից` հաշվի առնելով նրա հեղինակությունը, նրա կապերը, սփյուռքում նրա ազդեցությունը»,- ասաց Վ.Բաղդասարյանը` հավելելով, որ իրենք հուսով են, որ Ա.Սարգսյանը սփյուռքում միասնություն կապահովի, իսկ նրա կողմից ամենամեծ պատրաստակամությունն այն է, որ նա շատ կնպաստի ներդրումների ներգրավմանը:
Վ.Բաղդասարյանի խոսքով` կառավարությունն աշխատանքներ է տանում ներդրումներ ներգրավելու համար, իսկ Արմեն Սարգսյանը կարող է լրջորեն նպաստել դրան, և նա չի ժխտում դա. «Ինքն ունի այդ հնարավորությունները, որ ապահովի նոր ներդրումներ իր կապերի միջոցով»:
Արմեն Սարգսյանի ընտանիքի բնակության վայրի հարցը, Վ.Բաղդասարյանի խոսքով, չի քննարկվել: Հարցին՝ Ա.Սարգսյանի ընտրվելու դեպքում նրա ընտանիքը կվերադառնա՞ Լոնդոնից, թե՞ ոչ, Վ.Բաղդասարյանը չպատասխանեց և խորհուրդ տվեց «ընտանիքների հարց» չքննարկել: ՀՀԿ խմբակցության ղեկավարը համոզված է, որ դա խնդիր չի լինի: Նա հորդորեց սպասել մինչև փետրվարի 18-ը, երբ նախատեսվում է նախագահի առաջադրումը:
168.am-ի հարցին` ի՞նչն է շահագրգռում, գրավում Ա.Սարգսյանին նախագահի պաշտոնում, եթե նա Բրիտանիայում բարեկեցիկ ապրում է, իսկ ՀՀ նախագահի պաշտոնն այլևս համեմատվում է «անգլիական թագուհու» հետ, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Հայրենասիրությունը և հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքը»:
Մեր հարցին, որ Ա.Սարգսյանը դեռևս հանրության կողմից առավելապես ընկալվում է՝ որպես Հանրապետականի նախագահ, և ոչ՝ հանրապետության, արդյոք կկարողանա՞ Ա.Սարգսյանը կոտրել այդ ընկալումը, Վ.Բաղդասարյանը պատասխանեց.
«Հանրության լայն շրջանակների հետ հանդիպումների հիմնական նպատակը դա է, և, երբ որոշ քաղաքական ուժեր հայտարարում են, որ Սարգսյանի անձի դեմ որևէ բան չունեն, հաջողված թեկնածու է, սակայն, եթե դա ՀՀԿ-ն է առաջադրում, դեմ են քվեարկելու, այդպիսի քաղաքական մոտեցումներին ես համաձայն չեմ, որովհետև մենք նեղ կուսակցական ղեկավարի չենք ընտրում, մենք ընտրում են ՀՀ 4-րդ նախագահի: Եթե այդ կարծրատիպը գոյություն ունի, մարդիկ կհասկանան, որ մենք առաջադրել ենք ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու, և նա իր գործունեությունը պետք է ծավալի՝ որպես հանրապետության նախագահ»:
Վ.Բաղդասարյանը կոչ արեց չփորձել վատը փնտրել և ձվի մեջ մազ տեսնել:
Նա հավելեց, որ ՀՀԿ-ում դեռևս չի քննակվել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի հարցը, և, եթե Սարգսյանը համաձայնի, նոր կքննարկեն: