«Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների շուրջ բուռն քննարկում` ԱԺ-ում. «Բաբելոնյան աշտարակաշինություն է հիշեցնում, վերջը չի երևում»
Այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկում ծավալվեց «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների շուրջ:
Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Իվետա Տոնոյանի և Հակոբ Նազարյանի մշակած նախագծով առաջարկվում է ՀՀ 2004 թ. Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով.
«Անկախ գործատուի սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից, աշխատողների հաստիքները կամ թվաքանակը կրճատվելու, ինչպես նաև հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում աշխատելու նախապատվությունը տրվում է` ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը և եղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա»:
Գ.Պետրոսյանը հայտարարեց, որ կառավարությունը մերժել է իրենց նախագիծը` հիմնավորելով, թե ապագայում համանման նախագիծ է ներկայացնելու:
«Նման մոտեցումը չի բխում սոցիալական, ինքնիշխան պետության, ինչպես նաև Ազգ-բանակ հայեցակարգի բովանդակությունից»,- ասաց պատգամավորը: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի կարծիքով` նախագծի հետ կապված տեխնիկական խնդիր կա: Գ.Պետրոսյանը չհամաձայնեց ու պնդեց, որ Հակոբյանի նշած տրամաբանությունն ընդհանրապես պահպանված չէ օրենսգրքում:
«Հարգում եմ անմեղության կանխավարկածը, բայց հիմքեր կան ենթադրելու, որ կառավարությունն այդ նախագիծը բերել է մեր առաջարկությունից հետո»,- ասաց Գ.Պետրոսյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանը տեղեկացրեց, որ նախարարությունը, շուրջ կես տարի է՝ այս ուղղությամբ աշխատանքներ է տանում: Նա կարևորեց սոցիալական խմբերին արտոնություն տրամադրելու հարցը` նշելով, որ պետք է խուսափել շահարկումներից, նաև նախագիծը չպետք է հակասի ՀՀ միջազգային պարտավորություններին:
Համադրելով 2 նախագծերը, ըստ նրա, կառավարության տարբերակը ոչ միայն չի սահմանափակում, այլև ընդլայնում է այս հնարավորությունները. «Մեր նախագիծն ավելի լայն արտոնություն է նախատեսվում, որովհետև վերաբերում է ոչ միայն զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին, այլ նաև իրենց, նաև ընտանիքի ավելի լայն շրջանակի է վերաբերում»:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցադրում արեց, թե ինչն է խնդիրը, որ նախագիծն արդեն հասել է հանձնաժողով, բայց կառավարությունը մերժում է.
«Ինչո՞ւ չքննարկենք և ընդունելի կետերը չավելացնենք: եկեք կոլեկտիվ աշխատենք: ԱԺ վերջին ամիսների պրակտիկան ցույց է տալիս, որ մենք մեկ օր ենք աշխատում»:
«Նոր ինստիտուտ է մտնում, և ԱՕ հանրային կյանքի թերևս ամենալայն կարգավորող հարաբերությունների է վերաբերում« և հաճախակի փոփոխությունները ցանկալի չեն»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ նախագիծը կառավարության քննարկմանն է ներկայացված, շուտով կգա ԱԺ, և այն ամբողջական կարգավորման խնդիր է լուծում:
«Բաբելոնյան աշտարակաշինություն է հիշեցնում, վերջը չի երևում»,- նկատեց
Գ.Պետրոսյանը:
Ի վերջո, որոշվեց «ծառուկյանականների» նախագիծը հետաձգել մինչև 2 ամսով, համատեղ աշխատել կառավարության առաջարկի վրա: