Քաղցկեղով հիվանդ չինուհին հարսանիք է արել
Չինաստանի՝ սպիտակարյունությամբ հիվանդ բնակչուհին հարսանիք է արել: Այդ մասին գրել է Paper-ը: Ինչպես նշվում է, 21-ամյա Յանգ Չունյանը մեկ ամիս առաջ է իր ախտորոշման մասին իմացել այն բանից հետո, երբ հանկարծակի ուշաթափվել է: Հարսանիք անելու իր ցանկության մասին աղջիկը պատմել է եղբորը, որը ժամանել էր այլ քաղաքից՝ հիվանդանոցում տեսակցելու քրոջը:
Չունյանը հայտարարել է, որ միշտ երազել է հարսանեկան զգեստ հագնել, բայց քաղցկեղի պատճառով վախեցել է, որ դա երբեք տեղի չի ունենա:
Հիվանդ աղջկա եղբայրը դիմել է կամավորների օգնությանը, եւ նրանք միասին հարսանեկան արարողություն են կազմակերպել հիվանդանոցում: Շենքի դահլիճում փռել են վարդագույն գորգ, որով միայնակ հարսն անցել է զգեստով եւ ծաղկեփնջով: Կամավորները նաեւ հարսանեկան տորթ էին բերել:
Հարսանեկան արարողությունից հետո Չունյանը փաստաթղթեր է ստորագրել, որոնց համաձայն, իր օրգանները կտակում է փոխպատվաստման համար:
«Ինձ այսքան բարի մարդիկ են օգնում: Նրանց շնորհիվ ես հույսով լցվեցի եւ ավելի համարձակ դարձա: Կարեւոր չէ՝ կկարողանամ ապաքինվել, թե ոչ. ես չեմ վախենում»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: