Բաժիններ՝

Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչն ու ոստիկանները, հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ:

Այսպես, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Խաչատրյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 24.10.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի երկու աշխատակիցներ անասնագողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին և ծեծի ենթարկել, որի արդյունքում ինքը խոստովանել է իր կողմից չկատարված գողությունների այլ դրվագներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` դատաբժշկական փորձաքննությամբ ու հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ հիմնավորվել է, որ Ա. Խաչատրյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների կողմից առանձնապես ծանր հանցագործություն` խոշտանգում կատարելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Իսկ Ա. Խաչատրյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար:

Վերը նշված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում գողության մեջ մեղադրվող Տ. Գրիգորյանն ու Զ. Նասլյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում են տվել, որ 10.07.2017թ.-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իրենց նկատմամբ` պահանջելով ընդունել և խոստովանել Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակչուհու տանից կատարված գողության դեպքը:

Բացի այդ, Զ. Նասլյանը հայտնել է, որ քրեական գործով որպես կասկածյալ հարցաքննվելիս Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության քննիչն իր փոխարեն գրի է առել ցուցմունքը` դրանում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ ինքը, առանց ցուցմունքը կարդալու ստորագրել է այն: Զ. Նասլյանն ու Տ. Գրիգորյանը նաև հայտնել են, որ նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքներ են տվել, քանի որ քրեական գործը քննող քննիչն իրենց հավաստիացրել է, թե մեղքն ընդունելու դեպքում ազատ կարձակվեն դատարանի կողմից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Տ. Գրիգորյանն ու Զ. Նասլյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ են հայտնել ոստիկանների կողմից առանձնապես ծանր հանցագործություն` խոշտանգում կատարելու և Քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ոստիկանների ու քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Իսկ Տ. Գրիգորյանի ու Զ. Նասլյանի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս