«Խոջալուի դեպքերի վերաբերյալ հարցի հնչեցումն էլ ավելի ուժեղացրեց մեր շեշտադրումները». Դավիթ Բաբայան

«Սերժ Սարգսյանի ելույթում բոլոր շեշտադրումները կատարվել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ ԵԽ ԽՎ-ում ունեցած ելույթի մասին:

Դ. Բաբայանը նկատեց, որ ՀՀ նախագահը ներկայացրել է ԼՂՀ հակամարտության պատմական ակնարկը, խոսել է իրավական, քաղաքական, ինչպես նաև մարդու իրավունքների տեսանկյունից.

«Իր ելույթում նախագահը ցույց է տվել, որ սա ինչ-որ տարածքային խնդիր չէ, որ սա ունի պատմական անցյալ, որ հիմնական պատճառն Ադրբեջանի կողմից վարվող այդ ագրեսիվ, նացիստական քաղաքականությունն է, շատ կարևոր է, որ իր ելույթում անընդհատ շեշտում էր Արցախ բառը, մեր պատմական անվանումն արդեն իսկ մտնում է քաղաքական ամենաբարձր շրջանակներ ամենաբարձր մակարդակով, սա նաև ցույց է տալիս Արցախի պատմական պատկանելությունը, ինչը շատ կարևոր է: Կարևոր է նաև այն, որ նախագահը նշել է, որ անցյալին վերադարձ չկա: Նախագահը նաև շեշտեց, որ ամենաառանցքային խնդիրներից է նաև անվտանգության ոլորտը: Ընդհանրապես շատ կարևոր էր նման ելույթով հանդես գալը»:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը հարց հղեց Սերժ Սարգսյանին, թե ինչո՞ւ նախագահն իր ելույթում չխոսեց Խոջալուի դեպքերի մասին:

«Թե ինչու չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որը ցեղասպանություն եք համարում, դա այն պատճառով, քանի որ այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահ Այազ Մութալիբովը հանգամանորեն շարադրել է փաստեր և ցույց տվել, թե ովքեր են եղել այդ իրադարձությունների կազմակերպիչները: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը պատիվ չէ, տանջանք է: Մի միտում կա Ադրբեջանի մոտ՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը: Ինչի՞ է պետք ձեզ մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել, և հատկապես՝ հայերի կողմից»,- ի պատասխան՝ ասել է Ս. Սարգսյանը:

Դ. Բաբայանի կարծիքով՝ ադրբեջանական կողմից այդ հարցն ինքնին ցույց է տալիս այդ երկրում տիրող բարոյահոգեբանական իրավիճակը, և այն արժեքները, որ քարոզվում են այնտեղ.

«Մի հարց, որը որևէ տրամաբանություն չունի և ագրեսիվ է իր բնույթով: Կարծում եմ՝ այդ հարցի հնչեցումն էլ ավելի ուժեղացրեց մեր շեշտադրումները»:

Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը ԵԽ ԽՎ ամբիոնից բարձրացրեց նաև այն հարցը, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվել: Հարցին՝ այս ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Ադրբեջանի քաղաքականությունն ամենամեծ խոչընդոտն է հակամարտության կարգավորման ճանապարհին: Այստեղ պետք է նաև միջազգային հանրությունը ջանքեր գործադրի: Մինչև Ադրբեջանը ժողովրդավարական, նորմալ պետականաշինության գաղափարախոսություն չունենա, ակնկալել որևէ դրական առաջընթաց՝ նաև հակամարտության կարգավորման ուղղությամբ, պարզապես անհնար է»:

Տեսանյութեր

Լրահոս