Բաժիններ՝

Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի հունվարի 27-ին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդաց միության ատենապետ Տաթև Զախարյանն անդրադարձան սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին։ Տոնն այս տարի կնշվի հունվարի 27-ին։

Ասուլիսի բանախոս, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը մանրամասնելով տոնի օրակարգը՝ նշում է. «Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ արդեն 17 տարի անընդմեջ նշվում է երիտասարդների օրհնության օրը՝ Սուրբ Սարգիսի տոնը: Եթե նախկինում այն նշվում էր միայն եկեղեցու ներսում, ապա արդեն վաղուց այն դուրս է եկել եկեղեցու պատերից դուրս՝ դառնալով երիտասարդների սիրելի և սպասված եկեղեցական տոներից մեկը: Այս տարի ևս սրբի բարեխոսության տոնին Սուրբ Սարգսի մասունքակի աջը կբերվի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ և Սուրբ պատարագ կմատուցվի:

Պատարագին կհաջորդի սրբազանի կողմից թվով 22 զինվորականներին տրվող պարգևատրումների արարողությունը, իսկ դրանից հետո կմեկնարկի տոնական խաչերթը, որը Սուրբ Սարգիս եկեղեցուց կշարժվի դեպի Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով՝ Սիրահարների այգի, որտեղ տոնական համերգ կկայանա»:

Անդրադառնալով Սուրբ Սարգսի ամենամյա տոնին զուգակցվող ժողովրդական ավանդույթ դարձած աղի բլիթի սովորությանը՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նկատում է՝ հայկական եկեղեցին ոչ քաջալերում, ոչ էլ պայքարում է այդ սովորության դեմ. «Սա ժողովրդական գեղեցիկ սովորություն է, երիտասարդները Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերն աղի բլիթ են ճաշակում, որպեսզի երազում տեսնեն իրենց ընտրյալին: Երիտասարդներն այդ օրը ափսեների մեջ լցրած փոխինձ ու հալվա են դնում տանիքներին, որպեսզի ավանդության համաձայն՝ սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիսն անցնելով՝ ձիու պայտով հարվածի և հետք թողնի դրանց վրա: Սրանք մեր ժողովրդի համար պարզապես գեղեցիկ սովորություններ են, որոնք պետք է պահպանել: Եթե մարդը հավատքով դիմում է Աստծուն, իր հավատքի չափով Աստված նրան կտա այն, ինչ իր համար առավել կարևոր է»:

Կարդացեք նաև

Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդաց միության ատենապետ Տաթև Զախարյանն իր խոսքում նշում է. «Սուրբ Սարգսի տոնը մեզ՝ երիտասարդներիս համար շատ կարևոև, նաև միասնական լինելու առիթ և տոն է։ Արդեն 4 տարի է, ինչ մենք ունենք գեղեցիկ ավանդույթ, որին մասնակցում են հարյուրավոր երիտասարդներ։ Ամեն տարի տոնին երիտասարդների թիվը գնալով ավելանում է, ինչը մեզ շատ է ոգևորում: Այս տարի տոնին մասնակցող երիտասարդները եկեղեցու օրհնությունն ու գեղեցիկ նվերներ կստանան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս