ՀՀ անվտանգության խորհուրդն այլևս կգլխավորի վարչապետը
ՀՀ անվտանգության խորհուրդը, որ նախկին Սահմանադրությամբ ՀՀ նախագահի խորհրդատվական մարմին էր, հիմա նոր Սահմանադրությամբ ղեկավարվելու է վարչապետի կողմից:
Այս փոփոխությունների մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` ներկայացնելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռմխելիության հարցերը պետք է քննարկի անվտանգության խորհուրդը և ընդունի խորհրդատվական որոշումներ»,- ասաց նախարարը: Ըստ նրա` անցումային ժամկետ է նախատեսված ԱԽ համար:
Դ. Հարությունյանը նշեց, որ անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: