Բաժիններ՝

Էրդողանն ու Թրամփը քննարկել են Աֆրինի գործողությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական Աֆրին նահանգում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը Թրամփին ասել է, որ «Ձիթենու ճյուղ» գործողությունների միջոցով Թուրքիան օգտագործում է «միջազգային իրավունքով ամրագրված ինքնապաշտպանվելու իր իրավունքը»:

Միաժամանակ, Թուրքիայի նախագահը հորդորել է Միացյալ Նահանգներին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում այլևս զենք չտրամադրել Սիրիայի քրդական ուժերին: Կողմերը համոզմունք են հայտնել երկկողմ հարաբերություններում շարունակել համագործակցությունը:

«Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Էրդողանն ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի (PYD) դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:

Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս