Google-ը ռեկորդային գումար է ծախսել Վաշինգտոնում ազդեցության ընդլայնման համար. WP
Google ընկերությունն անցյալ տարի առաջին անգամ մնացած ընկերություններից ավելի շատ է ծախսել Վաշինգտոնում իր ազդեցության ընդլայնման համար: Հունվարի 23-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը, որի տրամադրության տակ հայտնվել են համապատասխան փաստաթղթերը։
Google-ը գերազանցել է սեփական ռեկորդը՝ հատկացնելով ավելի քան 18 միլիոն դոլար Կոնգրեսում, պետական հիմնարկություններում եւ Սպիտակ տանն իր շահերի պաշտպանության համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ներգաղթը, հարկային բարենորոգումը եւ հակամենաշնորհային միջոցները: Միջոցները նաեւ օգտագործվել են ինտերնետ-գովազդի կարգավորման նպատակով օրենսդիրների վրա ազդեցություն գործելու համար:
Բայց մյուս ընկերություններն էլ են ջանում հետ չմնալ: Այսպես, Facebook-ը, Amazon-ը եւ Apple-ը 2017 թվականին գերազանցել են իրենց նախկին ռեկորդները շահապաշտպան գործունեության համար միջոցների տրամադրման հարցում:
Facebook-ը նախորդ տարվա համեմատությամբ 2017 թվականին ծախսերն ավելացրել է 32 տոկոսով (ավելի քան 11 միլիոն դոլար), մինչդեռ Apple-ը՝ 51 տոկոսով (ավելի քան 7 միլիոն դոլար), իսկ Amazon-ը՝ 16 տոկոսով (շուրջ 13 միլիոն դոլար): Միասին վերցված չորս ընկերությունները Վաշինգտոնում իրենց ազդեցության ընդլայնման համար շուրջ 50 միլիոն դոլար են ծախսել Դոնալդ Թրամփի նախագահության առաջին տարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: