««Ձիթենու ճյուղ»-ին արձագանքելիս՝ հայկական կողմը պետք է հաշվի առնի հայ համայնքի շահերը». Ռուս թուրքագետ

«Թուրքական օպերացիան Սիրիայում պատասխան էր ամերիկյան սպառնալիքներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով թուրքական «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիային Սիրիայում:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարեց Սիրիայի Աֆրինում քրդերի զինված կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Գլխավոր շտաբի տվյալներով՝ դրան մասնակցել է 72 ինքնաթիռ, 113 թիրախներից ոչնչացվել են 108-ը: Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը նախքան Սիրիայի Աֆրինում գործողություն սկսելը հեռախոսազրույցներ էր ունեցել ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի հանձնաժողովի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի հետ:

Ավիահարվածները հասցվել են քրդերի կողմից վերահսկվող տարածքներում Թուրքիայի դաշնակիցների առաջխաղացման անհաջող փորձերից հետո: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ։ «Ձիթենու ճյուղ» անունը ստացած ռազմական գործողության գլխավոր նպատակն է, ըստ թուրքական կողմի, թույլ չտալ Սիրիայի հյուսիսում «ահաբեկչական միջանցքի» ստեղծումը (Անկարան քրդական ինքնապաշտպանական ջոկատները համարում է ահաբեկչական), պաշտպանել ՆԱՏՕ-ի հարավային սահմանները և ապահովել Սիրիայի հետ սահմանակից թուրքական տարածքների անվտանգությունը:

Ինչպես հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, գործողության արդյունքում Անկարան ցանկանում է թուրք-սիրիական սահմանին ստեղծել 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի և ոչնչացնել ահաբեկիչներին, որոնց պոտենցիալ թիվը, ըստ Անկարայի, հասնում է 8-10 հազարի: Ուշագրավ է նաև այն փաստը, որ Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության 3-րդ օրը Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակն» Աֆրինից շարժվել է Մանբիչ շրջան և այնտեղ սկսել ռազմական գործողություններ քրդերի դեմ:

Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Թուրքիան սկսեց «Ձիթենու ճյուղ» օպերացիան այն բանից հետո, երբ միայն լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԱՄՆ-ը Սիրիայի քրդական ուժերից պատրաստվում է թուրք-սիրիական սահմանին անվտանգության ուժ ստեղծել: Նա հիշեցրեց, որ այս հրապարակումներին թուրքական արձագանքը հենց սկզբից էլ բավականին կտրուկ և չոր էր, հենց սկզբից էր թուրքական կողմը սպառնում նման գործողություն սկսել:

«Հաշվի առնելով քրդական ինքնավարությունից թուրքական վախը, այդ տեղեկությունները նման սրությամբ ընկալվեցին: Այս ամենին հավելյալ, Թուրքիային նաև պատճառ էր անհրաժեշտ թուլացնելու համար քրդական դիրքերը Սիրիայում, թուլացնելով ինքնավարության հեռանկարները: Սա նաև քայլ էր Թրամփի քաղաքականության դեմ, արտահայտվեցին թուրք-ամերիկյան հակասություններն այս օպերացիայով»,- նման կերպ պարզաբանեց թուրքական օպերացիան ռուս արևելագետը: Վերջինիս դիտարկումների համաձայն, թուրքական կողմն իրեն բավականին վստահ է զգում, ինչը տեսանելի է թուրքական գործողություններից և կիրառվող զինտեխնիկայից: Օրինակ, ըստ Վիկտոր Նադեին-Ռաևսկիի, թուրքական կողմն օդուժ է կիրառել, ինչը չէր արել նախկինում:

«Այստեղ ես ռուս-թուրքական պայմանավորվածություն չեմ տեսնում, թեև ռուսական արձագանքը պայմանավորվածության մասին վերլուծությունների առիթներ տվեց, պարզապես ռուսական կողմի համար սա կանխատեսելի սցենար էր՝ հաշվի առնելով զարգացումների ընթացքը: Բացասական հանգամանքն այն է, որ այս գործողությունը կարող է կասկածի տակ դնել կարգավորման գործընթացը, որում իրենց դերակատարությունն ունեին, որպես գործընկերներ՝ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, իսկ Իրանն արդեն կոշտ հայտարարություններով է հանդես եկել: Թուրքիան այս օպերացիայով նաև հեռացավ այն նպատակներից, որոնք հայտարարել էր` Սիրիայի ամբողջականություն, նրանք այս նպատակից բավականին հեռու են: Ռուսաստանը դեռ կփորձի հեռու մնալ իրավիճակից՝ հետևելով ընթացքին: Կանխատեսումներ անելը բարդ է, բայց կարգավորման գործընթացը վտանգի տակ կարող է հայտնվել»,- ասաց նա:

Վերջինս չի անհանգստանում խոսակցություններից, թե օպերացիան Ռուսատանին հետ պայմանավորվածության արդյունք է եղել: Նրա վստահեցմամբ՝ Ռուսաստանն իրավիճակից կարող է շահել ինչ-որ պահի, երբ թուրք-ամերիկյան հակասությունները խորանան: Անդրադառնալով հայաստանյան կողմի չեզոքությանը` ռուս թուրքագետն ասաց, որ հայկական կողմի դիրքորոշումն արդարացված է:

«Նման իրավիճակներում գերտերությունների միջև շահերն այնքան խճճված են, որ փոքր երկրները պետք է զգուշավորություն ցուցաբերեն, քանի դեռ իրենց շահերը վտանգի տակ չեն: Այս դեպքում հայկական կողմն արձագանքելուց պետք է հաշվի առնի հայ համայնքի ապահովությունը»,- ասաց Նադեին-Ռաևսկին:

Տեսանյութեր

Լրահոս