
Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նախորդ հոկտեմբերին ժնևում և արտաքին գործերի նախարարների՝ ընթացիկ տարվա հունվարին Կրակովում կայացած հանդիպումները՝ հույս հայտնելով, որ երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է հիմնախնդիրը լուծելու կարևորությունը:
«Դա պետք է լինի համարձակ փոխզիջում: Գիտեմ, որ խաղաղության քարոզումը շատ դժվար է, ցանկանում եմ, որ հանդիպումները կոնկրետ արդյունքներ ունենան»,- ասաց Ֆրանսիայի նախագահը՝ դրական գնահատելով յուրաքանչյուր հանդիպում՝ ուղղված երկխոսության ամրապնդմանը:
Մակրոնը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ միջնորդական ջանքերը կբերի արդյունք՝ հակամարտության կարգավորման նպատակով: