Բաժիններ՝

Կարտոֆիլի թանկացման պատճառն արտահանումն է՝ ըստ նախարարի

Կարտոֆիլի այսօրվա թանկացումը հիմնականում կապված է արտահանման հետ, իսկ հարկային նոր օրենսգրքով սերմերի ներկրման դեպքում մաքսատուրքի 1% թանկացումը ոչ մի կերպ չի կարող ազդել կարտոֆիլի գների վրա։ Այս մասին այսօր ԱԺ-ում գնաճի թեմայով լսումների ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Ըստ նրա՝ իրենց սկսած լիզինգի ծրագիրը թույլ կտա արդյունավետությունը բարձրացնել, որովհետև այսօր մեր երկրում կարտոֆիլագործությունը շատ ցածր մակարդակի վրա է, իսկ բարձր տեխնոլոգիաների և ճիշտ ագրոտեխնիկայի չկիրառման հետևանքով «մենք միշտ կլինենք կա՛մ թանկ, կա՛մ անորակ»։

Ի. Առաքելյանը նշեց, որ ազոտական պարարտանյութերի սուբսիդավորումից նախարարությունը հրաժարվել է, քանի որ 1 հա համար այն ընդամենը 5000 դրամ էր կազմում, և փոխարինել է առավել արդյունավետ ծրագրերով. «Բայց մենք մեր ձեռքը չենք քաշում գյուղատնտեսությունից և պարարտանյութի շուկայից, հետևելու ենք, որ շուկան կայանա մասնավոր ներդրողների մջոցով։ Նաև գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը աջակցելու է և մարզերից պատվերներ է հավաքագրելու, որպեսզի լրացուցիչ ծախս ներդրողները չունենան և մենք կարողանանք զսպել գնաճը։ Եվ մենք ակնկալում ենք 7-7.5 հազար գին ազոտական պարարտանյութերի»։ Ըստ նրա՝ այլընտրանք կլինեն նաև ՀՀ-ում արտադրվող և օրգանիկ պարարտանյութերը։

Ի.Առաքելյանը չի կարծում, որ դիզվառելիքի թանկացումը գյուղատնտեսության վրա էական կլինի, քանի որ իրենց վերլուծություններով՝ այն հիմնականում կազդի խաղողի, լոլիկի, կարտոֆիլի վրա՝ 1 կգ-ի համար 1-1.5 դրամի չափով, իսկ ցորենի, հացահատիկի բերքի վրա՝ 3.5 դրամի չափով:

Մսի գնի վերաբերյալ նախարարը նշեց, որ նախկին այն շատ ցածր էր և թույլ չեր տալիս զարգանալ անասնապահությանը, ինչն ապացուցում է նաև դրսի պահանջարկը. «Մենք պետք է կարևորենք՝ մենք ի՞նչ ենք ուզում՝ գյուղացին մնա գյուղում, զարգացնի գյուղատնտեսությունը և արտադրանք տա, թե մենք ունենանք էժան անորակ կամ դրսից ներմուծված ապրանք։ Մենք՝ որպես գյուղատնտեսության նախարարություն, կողմնակից ենք, որպեսզի գյուղացին մնա գյուղում, զբաղվի գյուղատնտեսությամբ»։

Ի.Առաքելյանը նկատեց, որ այսօր գյուղատնտեսությունն այնքան հետաքրքիր է դարձել, որ քաղաքացիները գնում են գյուղ և զբաղվում գյուղատնտեսությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս