
ՄԱԿ-ը ռեկորդային թվով խաղաղապահներ է կորցրել

ՄԱԿ-ի հիսունվեց խաղաղապահներ են զոհվել 2017 թվականին, ինչը վշտալի ռեկորդ է դարձել 1994 թվականից ի վեր: Այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի կողմից հունվարի 22-ին ներկայացված զեկույցում:
«2017 թվականին գրանցվել է 56 զոհ՝ ամենամեծ թիվը 1994 թվականից ի վեր: Այդ թիվը դուրս է գալիս թույլատրելի բոլոր շրջանակներից, եւ այն, ըստ երեւույթին, կշարունակի աճել: Հարկավոր է ինչ-որ բան փոխել, որպեսզի այդ միտումը հետ շրջվի»,-գրել է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը:
35-էջանոց փաստաթղթից հետեւում է, որ 1948 թվականից ծառայության ընթացքում զոհվել են ավելի քան 3,5 հազար երկնագույն սաղավարտակիրներ, նրանցից 943-ը՝ բռնի գործողությունների հետեւանքով:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ 2013 թվականից խաղաղապահների շրջանում զոհերի թվի աճի միտում է դիտվում: «ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության անձնակազմի հարյուր իննսունհինգ մարդ է սպանվել բռնի գործողությունների հետեւանքով, ինչն ավելի է, քան պատմության ցանկացած այլ հնգամյա ժամանակաշրջանում»,-ընդգծել է Գուտերիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: