Բաժիններ՝

Facebook-ը երեք ուսումնական կենտրոն կբացի ԵՄ-ի երկրներում

Facebook կորպորացիան մտադիր է երեք կենտրոն բացել Եվրամիության երկրներում, որտեղ ցանկացողներին կուսուցանեն տարբեր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: Այդ մասին հայտարարել է ընկերության օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը Reuters գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունվարի 21-ին:

«Մտահոգություն կա, որ թվային հեղափոխության պայմաններում մարդիկ անուշադրության են մատնվում, մենք անպամանորեն ցանկանում ենք ներդրումներ կատարել թվային տեխնոլոգիաների կիրառման հմտությունների զարգացման մեջ, որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք մասնակցել թվային տնտեսությանը»,- պարզաբանել է նա:

Ուսումնական կենտրոններ կհայտնվեն Իսպանիայում, Լեհաստանում եւ Իտալիայում: Պլանավորվում է, որ երկու տարվա ընթացքում դրանցում ուսուցում կանցնի շուրջ 1 մլն մարդ: Հատուկ ուշադրություն է դարձվելու տարեցներին, երիտասարդությանը եւ փախստականներին: Ծրագրում, ինչպես սպասվում է, կներառվեն մեդիաոլորտի ուսումնասիրումը եւ Համացանցի անվտանգ օգտագործման դասընթացը:

Բացի այդ, Facebook-ը մտադիր է մոտավորապես 12,2 մլն դոլար ծախսել Ֆրանսիայում իր այն կառույցների գործունեության համար, որոնք զբաղվում են արհեստական ինտելեկտի մշակմամբ: Սանդբերգն ընդգծել է, որ Facebook-ը ձգտում է միջոցներ ներդնել ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ մարդկային ներուժի զարգացման գործում:

Facebook-ը հիմնվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի եւ նրա երեք համակուրսեցիների կողմից՝ Հարվարդի համալսարանում ուսումնառության շրջանում: Սոցիալական ցանցի ամսական լսարանն ավելի քան 2 մլրդ օգտատերեր են ամբողջ աշխարհում: Ցուկերբերգն ավելի վաղ քանիցս հայտարարել է, որ սոցցանցը մտադիր է նպաստել մինչեւ 2030 թվականը Համացանցից օգտվողների թիվը 5 միլիարդի հասցնելուն, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս