«Սերժ Սարգսյանը փորձում է էլիտայում որոշակի փոփոխություններ մտցնել». Քաղտեխնոլոգը՝ Արմեն Սարգսյանի նշանակման մասին

«Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի կապերը, իր որոշակի դիրքը միջազգային ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցներում, ինչպես նաև հնարավորությունները կարող են օգտագործվել Հայաստանում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունն է առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում:

Վ. Հակոբյանը թեև նկատեց, որ, ըստ նոր Սահմանադրության՝ նախագահի այս կարգավիճակը բավականին թույլ է, եթե համեմատում ենք այսօրվա լիազորությունների հետ, սակայն կարծում է, որ Հայաստանում շատ կարևոր է, թե կոնկրետ ով է այս կամ այն պաշտոնը զբաղեցնում.

«Այսինքն՝ անձից էլ է շատ բան կախված: Կարող է լինել անձ, որ ինքն իրենով ինքնաբավ է, քաշ ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, և, բացի պաշտոնական լիազորություններից, որոնք բխում են օրենքից, իր վրա կվերցնի նաև ոչ ֆորմալ պարտավորություններ: Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանի վրա, բացի արարողակարգային լիազորություններից, որոնք իր վրա Սահմանադրությամբ են դրվում, դրվելու են նաև ոչ ֆորմալ պարտավորություններ: Դրանք հիմնականում կապված են լինելու արտաքին տնտեսական ասպարեզի և բավականին զգալի չափով՝ նաև արտաքին քաղաքական ուղղությունների հետ: Այս առումով, կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի կապերը, իր որոշակի դիրքը միջազգային ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցներում, ինչպես նաև հնարավորությունները կարող են օգտագործվել Հայաստանում: Կարծում եմ՝ իր նշանակումը նաև այդ լիազորությունների հետ է կապված»:

Քաղտեխնոլոգը գտնում է՝ հնարավոր է, որ ապագայում՝ ապրիլից հետո, Արմեն Սարգսյանը նոր իշխանական բուրգում ներքին քաղաքականության մեջ հակակշռող դերակատարություն ունենա իշխանության մյուս առանցքային պաշտոնները զբաղեցնող մարդկանց նկատմամբ: Վ. Հակոբյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը նման մտադրություններ ունի՝ Ա. Սարգսյանի հետ կապված:

«Ես նկատի ունեմ՝ ինչպես արտաքին քաղաքական վեկտորի հարցերը, այնպես էլ՝ երկրի ներսում: Սերժ Սարգսյանը, կարծես թե, գոնե 2016 թվականի սեպտեմբերից հետո փորձում է էլիտայում որոշակի փոփոխություններ մտցնել՝ առանցքային պաշտոններին նշանակելով մարդկանց, որոնք անմիջականորեն համակարգի հետ չեն ասոցիացվում: Նշանակվում են մարդիկ, որոնք, կարծես թե, համակարգին պարտական չեն իրենց առաջխաղացմամբ, իրենց կյանքով և հաջողություններով: Այսինքն՝ ավելի շատ ինքնաբավ են և ունեն մեծ հնարավորություններ՝ ազդելու պրոցեսների վրա»:

Մեր ճշտող հարցին՝ ինչո՞ւ է դա արվում, ինքնամաքրման պրոցե՞ս է գնում, քաղտեխնոլոգն այսպես պատասխանեց. «Ոչ թե ինքնամաքրման, այլ էլիտայի փոփոխման խնդիր է ավելի շատ դրվում: Շեշտադրումները, կարծես թե, մի փոքր փոխվում են: Կարծում եմ՝ ՀՀԿ-ում այս առումով որոշակի դժգոհություններ կան, ուղղակի դրանք խուլ դժգոհություններ են, որովհետև մենք ակնհայտ տեսնում ենք, որ ինչ-որ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում: Այս առումով ամենից կարևոր հարցն է մնում՝ Սերժ Սարգսյանն ապագա վարչապետի հարցում ի՞նչ որոշում է ընդունելու, որովհետև ամբողջ տրամաբանությունը, որ հիմա կա՝ արտահամակարգային մարդկանց նշանակումները, մի քիչ այդ տրամաբանությունից դուրս կլինի, եթե, ասենք, այս  ֆասադը փոխելուց հետո՝ ինքը որոշի մնալ՝ որպես վարչապետ, որովհետև այդ պարագայում, կարծես թե, ինչ-որ դիսոնանս է ստեղծվում»:

Տեսանյութեր

Լրահոս