«Նոր նախագահի պարտականությունները ներկայացուցչական են, և Արմեն Սարգսյանի ընտրությունը կայացել է՝ ելնելով դրանից». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փորձառու քաղաքական գործիչ է, որն ունակ է կատարել իր առջև դրված ներկայացուցչական պարտականությունները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Իսկանդարյանն ասաց, որ դա որևէ իրադարձություն չէ, քանի որ ֆորմալ առումով է նա նախագահ լինելու.

«Ներկայիս և հետագայի նախագահներն ունենալու են տարբեր գործառույթներ, և խոսել այն մասին, որ ապագա նախագահը լինելու է այնպիսին, ինչպիսին նախորդ երեքն էին, նկատի ունեմ Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին և Սարգսյանին, ճիշտ չէ։ Նոր նախագահի պարտականությունները ներկայացուցչական են, և Արմեն Սարգսյանի ընտրությունը կայացել է՝ ելնելով դրանից։ Այսինքն՝ ընտրել մարդու, որը բավականին ներկայանալի կլինի՝ երկիրը ներկայացնելու համար, իսկ երկրի իրական կառավարումն այլ տեղում է գտնվելու»։

Քաղաքագետի խոսքով՝ ապրիլից Հայաստանում քաղաքական ակտիվությունը չի մարի, այլ հակառակը՝ ավելի կակտիվանա. «Թե ինչ կերպով կսկսվի նոր կառավարման համակարգն աշխատել, կտեսնենք ապրիլին։ Դա կլինի շատ հետաքրքիր շրջան քաղաքագետների համար։ Դժվար թե շատ հեշտ լինի»։

Հարցին՝ նոր նախագահն Արցախի հիմնահարցի կարգավորման գործում կարո՞ղ է որևէ դերակատարում ունենալ, նա այսպես պատասխանեց. «Արցախի հարցի հարգավորում առաջիկայում չի լինի, իրավիճակն ինչպես կար, այդպես էլ կշարունակվի։ Եվ, իհարկե, չեղած կարգավորման մեջ նոր նախագահի դերը նշանակալից չի լինի»։

 

Տեսանյութեր

Լրահոս