Դեսպան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հետ

Հունվարի 18-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ «ANO-2011» քաղաքական շարժումը ներկայացնող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նորընտիր նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի (Radek Vondráček) հետ:

Զրույցի ընթացքում քննարկվեց հայ-չեխական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը գոհունակությամբ փաստեցին երկկողմ միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը՝ կարևորելով հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում փոխադարձ բարձրաստիճան այցելությունների միջոցով։

Տիգրան Սեյրանյանն առանձնակի նշեց Միջխորհրդարանական միության շրջանակներում գործող բարեկամության խմբերի դերը՝ վստահություն հայտնելով, որ, ի թիվս մյուս խմբերի, մոտ ապագայում Չեխիայի խորհրդարանի նորընտիր ստորին պալատում կձևավորվի նաև Հայաստանի հետ բարեկամության խումբը։

Դեսպանը Պատգամավորների պալատի նախագահին շնորհակալություն հայտնեց պալատի կողմից 2017թ. ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու կապակցությամբ, զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Ռադեկ Վոնդրաչեկը վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ Չեխիայի դիրքորոշումը։

Կողմերը կարևորեցին Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցության ծրագրերի շարունակականությունը: Դեսպանը հույս հայտնեց, որ Պատգամավորների պալատը հնարավոր սեղմ ժամկետում կվավերացնի 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը հաջողություն մաղթեց Ռադեկ Վոնդրաչեկին իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս