Արցախն ունի հաջողված ժողովրդավարական կառավարություն. ԱՄՆ կոնգրեսական
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնեն կոչ է արել իր գործընկերներին կոտրել ԱՄՆ և Արցախի միջև ազատ այցելությանը և բաց հաղորդակցությանը խոչընդոտող բոլոր արգելքները: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
«Միացյալ Նահանգները պետք է աջակցություն ցուցաբերի ողջ աշխարհում երկխոսության և գաղափարների ազատ հոսքին: Արցախն ունի հաջողված ժողովրդավարական կառավարություն և չի կարելի խոչընդոտել ԱՄՆ-ի ու մյուս երկրների հետ այդ երկրի փոխգործակցությանը»,- նշել է Փալոնեն: Նա ներկայացրել է ԱՄՆ-ի ու Արցախի միջև ազատ այցելության և հաղորդակցության մասին օրինագիծը, որն իր մեջ ներառում է.
1. ԱՄՆ կառավարության տարբեր մակարդակների պաշտոնյաների այցելություն Արցախի Հանրապետություն և բաց ու ուղղակիորեն հաղորդակցում Արցախի իրենց գործընկերների հետ:
2. Արցախի պաշտոնյաների և ԱՄՆ-ի օրենսդիր ու գործադիր ճյուղերը ներկայացնող պաշտոնյաների, ամերիկյան քաղաքացիական հասարակության անդամների միջև բաց հաղորդակցությունը, հանդիպումների ու մյուս ուղղակի շփումների քաջալերումը:
3. Արցախի Հանրապետության ապագայի վերաբերյալ ԵԱՀԿ և մյուս բանակցային գործընթացներում ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության լիակատար ու անմիջական մասնակցության ապահովումը:
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանն իր երախտագիտությունն է հայտնել Փալոնեին առաջարկի համար՝ նշելով, որ այդ առաջարկը խիստ կարևոր է Արցախում կայուն ու ժողովրդավարական խաղաղության համար: