«Չեմ հավատում «Ելքի» անկեղծությանը». Ռուբեն Հակոբյանը՝ «Ելքի» բողոքի ակցիայի մասին
«Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը խաղում են նույն խաղի կանոններով»,- այսօր «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուրին թվում է՝ ինքն է միակը, լավագույնը, չծախվածը, «չհաճախորդացվածը». «Սա ընդդիմադիր դաշտի վրա բավականին վատ է անդրադառնում. այդ նարցիսիզմը պառակտում է ընդդիմադիր դաշտը, և դրանից նաև օգտվում է իշխանությունը, որը նույնպես նույն խաղի կանոններով է առաջնորդվում, օգտվում է ընդդիմության այս վիճակից: Իշխանությունները կարողանում են ներկայանալ առանց այլընտրանքի, քանի որ ընդդիմությունն այդ դաշտը ստեղծում է, որպեսզի իշխանությունն ավելի շահավետ դիրքով հանդես գա»:
Խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության՝ գնաճի դեմ պայքարելու նախաձեռնության մասին՝ Ռ. Հակոբյանն ասաց. «Չեմ հավատում դրա անկեղծությանը. եթե իսկապես խնդիր է դրված՝ ժողովրդին օգնել այս պահին, կարծում եմ՝ որևէ քաղաքական ուժի, որը նախաձեռնում է, թիվ 1 պայմանը պետք է լինի այն, որ կարողանա համախմբել ամբողջ քաղաքական դաշտին և հասարակական սեկտորին, դրա համար մինչև հայտարարելը՝ ինքը պետք է հանդիպումներ նախաձեռնի, գնա քիչ թե շատ հայտնի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների մոտ, ասի՝ ժողովրդի վիճակը սա է, եկեք միասնական, ժողովրդական ինչ-որ քայլ կազմակերպենք:
Բայց ի՞նչ է արվում, ասում են՝ «ես կազմակերպում եմ միտինգ կամ երթ, կարող եք միանալ». ո՞վ պետք է միանար… Իրեն հարգող որևէ քաղաքական ուժ հայտարարություն չարեց, չասաց, որ միանալու են, որովհետև հասկացան, որ այստեղ խնդիր դրված չէ՝ միասնական ուժերով պայքարել այդ գների բարձրացման դեմ, այլ խնդիր է դրված՝ ասել, որ՝ ընդդիմադիր դաշտում ես եմ հիմնական թելադրողը: Այստեղ նաև PR-ի հարց կա, ու շատ խելք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ մի քիչ ուրիշ բան է դրված այդտեղ, դրա համար ոչ ոք չարձագանքեց: Պետք չէ ժողովրդին ասել՝ թե «ինչքան ժողովուրդ հունվարի 19-ին դուրս կգա, դրանից կերևա, թե ժողովուրդը կո՞ղմ է այս թանկացումներին, թե՞ ոչ»: Կարելի՞ է շանտաժ անել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: