Բաժիններ՝

Քրեական գործեր` ԴԱՀԿ ծառայության պաշտոնյաների վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ:

Այսպես, ՀՀ քաղաքացի Վ. Պ.-ն դիմում է գրել այն մասին, որ 2013թ.-ի հունվարի 11-ին բանկի միջոցով համապատասխան ընկերությունից ապառիկ կարգով համակարգչային տեխնիկա է ձեռք է բերել, սակայն հետագայում չի կարողացել կատարել ամենամսյա վճարումները, որի հետևանքով ԴԱՀԿ ծառայության կողմից արգելանք է դրվել իր աշխատավարձի վրա և բռնագանձվել բանկին ունեցած պարտավորությունից 296.000 ՀՀ դրամը: Սակայն որոշ ժամանակ անց Վ. Պ.-ն պարզել է, որ ԴԱՀԿ ծառայության Աբովյանի բաժանմունքի հարկադիր կատարողը չի կատարել իր ծառայողական պարտականությունները` բռնագանձած գումարը բանկին ժամանակին չի փոխանցել, որի հետևանքով կուտակված տույժ-տուգանքների հաշվին 2017թ.-ի օգոստոսին վարկառուի պարտավորությունը բանկի նկատմամբ կազմել է ավելի քան 1մլն ՀՀ դրամ, որով էական վնաս է պատճառվել վերջինիս:

ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայութունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով կատարվում է նախաքննություն:

Մեկ այլ քաղաքացի` Երևանի բնակիչ Ն. Մ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Գ. Հ.-ն իրենից պահանջել և ստացել է 80.000 ՀՀ դրամ` կատարողական վարույթի ընթացքում այն որպես պետական տուրքի գումար վճարելու համար: Հետագայում` 2017 թվականի ապրիլին, Ն. Մ.-ն, տեղեկանալով, որ կնոջ բանկային հաշիվների վրա արգելանք է դրված, այցելել է ԴԱՀԿ ծառայություն, որտեղ պարզել է, որ Գ. Հ.-ն իր փոխանցած գումարը չի վճարել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտային հաշվին, այլ խաբեությամբ` իր վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է այն:

Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների վերաբերյալ դիմում-բողոք է ներկայացրել նաև մեկ այլ քաղաքացի` անհատ ձեռնարկատեր Հ. Դ.-ն, ով հայտնել է, որ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է դրվել համապատասխան ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա: Կատարողական գործողությունների արդյունքում` ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պաշտոնատար անձը նշված ընկերությանը պատկանող գույք և դրամական միջոցներ չի հայտնաբերել և ավարտել է կատարողական վարույթը, մինչդեռ հետագայում` 20.04.2017թ.-ին, ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից հոդված է տպագրվել` ընկերությանը պատկանող 19 երկաթուղային վագոնների աճուրդ-վաճառքի վերաբերյալ:

ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերը նշված դեպքի առթիվ 06.10.2017թ.-ին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի հիշյալ քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս