Մահացած զինծառայող Սուրեն Մոսիյանի գործով կհարցաքննվեն նաև Արտաշատի զինկոմն ու զորակոչային բաժնի պետը
2017 թ. հունվարի 12-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործի քննությունը:
Հիշեցնենք՝ Ս. Մոսիյանը մահացել է 2016 թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Քրեական գործով նշանակված դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննությունների հիման վրա Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել:
Փորձագիտական եզրակացության համաձայն՝ սրտաբան Սեդա Թադևոսյանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստերի ընթացքում հարցաքննվել են զորակոչային հանձնաժողովում ընդգրկված բժիշկները: Նրանց մի մասը պնդում էր, թե Սուրեն Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը նորմայից շեղում չի համարվում, մյուսները հակառական էին պնդում:
Գործով դատակոչված վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո մեղադրող դատախազը միջնորդեց հարցաքննել նաև Արտաշատի զինկոմիսարիատի զինկոմին և զորակոչային բաժնի պետին: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Նրանք դատարանում կպարզաբանեն այն հարցը, թե ինչպես է կազմակերպվում զորակոչի գործընթացը, և ինչ փաստաթուղթ են կազմում հանձնաժողովում ընդգրկված բժիշկները զորակոչիկների վերաբերյալ բժշկական պարտադիր և անհրաժեշտ հետազոտությունները ավարտելուց հետո: Հաջորդ դատական նիստը նշանակված է 2018 թ. փետրվարի 8-ին՝ ժամը 14:00-ին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ