ՊՆ համարանիշները հետ են վերցրել. ովքեր էին արտոնյալները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ համարանիշներով մեքենա վարելը Հայաստանում տարիներ շարունակ եղել է արտոնություն, որից օգտվել են անգամ նախարարության հետ առնչություն չունեցող անձինք:
Նախ՝ այդ մեքենաներին ճանապարհային ոստիկանության տեսուչները չեն կանգնեցրել եւ տուգանել, բացի այդ` ՊՆ պետհամարանիշով մեքենաների վարորդները չեն տուգանվել նաեւ տեսախցիկների արձանագրած խախտումների համար:
Թերթի տեղեկություններով` ապրիլյան պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՊՆ-ի հետ կապ չունեցող մարդկանցից, այդ թվում պաշտոնաթող բարձրաստիճան սպաներից ետ են վերցրել ՊՆ համարանիշները:
Դրանցից ունեցել են գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, եւ այլք:
Հիմա էլ թերթը տեղեկացավ, որ նախարար Վիգեն Սարգսյանը հրահանգել է, որ նախարարության համարներով կարող են ազատ երթեւեկել միայն գործող վարչության պետերը, նրանց տեղակալները եւ առանձին բաժնի պետերը: Բացի այդ` նա հրահանգել է արձանագրված խախտումների համար տուգանքների ծանուցագրերն անպայման ուղարկել հասցեատերերին: Փաստորեն, Հայաստանի իշխանություններին մեկ ապրիլյան պատերազմ էր պետք, որպեսզի ուշքի գան եւ գոնե բանակի առումով վերջ դնեն ապօրինություններին, արտոնյալ կարգավիճակին եւ այսպես շարունակ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: